24 06 2022

Մեկ օրվա մեջ երկրորդ նեղացած ՔՊ-ականը

Մեկ օրվա մեջ երկրորդ նեղացած ՔՊ-ականը

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին։

« 2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։ Որոշումն ըստ էության ընդունել էի դեռևս մայիսի 4-ին, սակայն փաստաթղթավորման գործընթացը չէի սկսել, որպեսզի դա որևէ կերպ և ոչ մեկի կողմից չփոխկապակցվի հայտնի ներքաղաքական գործընթացների հետ։

Պատճառը շատ պարզ է։

Իմ պատկերացմամբ քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները և հավակնությունները իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները։ Հետևաբար այդ նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեմ այլ հարթակ։ Ստեղծման օրվանից ՔՊ կուսակցության հետ անցել եմ կարևոր ու հետաքրքիր քաղաքական ճանապարհ։ Այդ տարիների համատեղ անցած ճանապարհի և ընձեռված հնարավորությունների համար շնորհակալություն եմ հայտնում ՔՊ կուսակցության նախկին գործընկերներիս, ՔՊ վարչության անդամներին՝ ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ կուսակցությանը հաջողություն եմ մաղթում»,- Facebook-ում գրել է Ուլիխանյանը։

Հիշեցնենք, որ այսօր աշխատանքից ազատվել էր նաև Երևանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության նախկին պետ Հայկ Հովաննիսյանը, ով նշել էր, որ իրեն ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ