ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է.
«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդմամբ` չնայած Հայաստանի Հանրապետության ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային, նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար։
Մեկնաբանելով նախագահ Բայդենի որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Նախագահ Բայդենի որոշումը՝ Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերմանը «կանաչ լույս» է, ինչը կրկին քաջալերում է Ալիևին շարունակել հայ ռազմագերիների անօրինական բանտարկությունը, Արցախի դեմ մահաբեր հարձակումներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացումը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարության հետ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը զրոյացնելու և 907-րդ բանաձևի կատարումից հրաժարվելու նախագահական իրավասությունը սահմանափակելու համար»։
Նախագահ Բայդենը մինչև պաշտոնավարումը ստանձնելը, 2020թ․ հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ իրականացնի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջներից և դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան»: Առաջին անգամ Բայդենն իր դիրքորոշումից հրաժարվեց 2021թ․ ապրիլի 23-ին։
907-րդ բանաձևը, ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է կանոնադրական սահմանափակումներ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրվող օգնությանը, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները։ 2002թ․ Կոնգրեսը ԱՄՆ նախագահին հնարավորություն տվեց ամեն տարի հրաժարվել 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից, ինչը ամերիկյան նախագահներն անում են ցայսօր։
Հատկանշական է, որ 907-րդ բանաձևի պահանջների կատարումից այս հրաժարմանը նախորդել էր տարեսկզբին ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի հատուկ հաղորդումն այն մասին, որ ամերիկյան ռազմական օժանդակությունն Ադրբեջանին հաշվի չի առել Հարավային Կովկասում ուժի հավասարակշռության խախտման հավանականությունը և վերջինիս վերաբերյալ Պետդեպարտամենտը պատշաճ կերպով չի զեկուցել Կոնգրեսին։ Համաձայն զեկույցի՝ 2002-ից 2020թթ․ ընթացքում Ադրբեջանը ստացել է 808 մլն դոլարի ամերիկյան օգնություն։
Ադրբեջանին ամերիկյան բազմաբնույթ ռազմական օժանդակությունից զրկումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկն է, և այդ ուղղությամբ հանձնախմբի աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը