Վերջին երկու ամիսների ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ համակարգի աշխատանքները պայմանավորված են եղել Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի, իրագործված ցեղասպան գործողությունների ու հայրենազրկման արդյունքում ստեղծված ծանր իրավիճակով։ Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։
«Հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ են կատարվել ինչպես Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների ճանապարհով, այնպես էլ օգտագործելով ՀՅԴ Բյուրոյի արտաքին հարաբերությունների շրջանակը՝ հիմնականում սոցիալիստական կուսակցությունների միջազգային կազմակերպություններում և տարբեր երկրների սոցիալիստական կուսակցություններում։ Վերջին շրջանում Հայ դատի աշխատանքների մեջ մեծացել է Վաշինգտոնում գործող «Հայ իրավական կենտրոնի» աշխատանքների մակարդակը։ Նախորդ երկու ամիսների աշխատանքի հիմնական արդյունքները ամփոփ կերպով ներկայացնում ենք ստորև։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
Արցախի և Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Հայ դատի հանձնախմբերի մարտավարական առաջնահերթությունների վերանայման և ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով հոկտեմբերի 14-15-ը Վաշինգտոնում անցկացվել է Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողով։ Խորհրդաժողովը հյուրընկալել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է Հայ դատի քաղաքական առաջնահերթությունների մարտավարական վերանայմանը և գործունեության հիմնական ուղղությունների վերահստակեցմանն ուղղված օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Խորհրդաժողովը մեծ կարևորությամբ շեշտել է Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված ազգային ճգնաժամին դիմակայելու հրամայականը։ Քննարկվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար արժանապատիվ կեցության և կենցաղի պայմանների ստեղծմանը միջազգայնորեն օժանդակելու հակաճգնաժամային խնդիրները։ Ապա քննարկվել են նաև Արցախի Հանրապետության պետականության հիմնական սյուների պահպանության և հետագա աշխատանքների վերաբերյալ հարցերը։
Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատավորների կուսակցության հյուրընկալմամբ, Մալագայում գումարվել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության (Party of European Socialists-PES) կոնգրեսը։ Կոնգրեսը այդ խոշոր միջկուսակցական կազմակերպության գլխավոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպության քաղաքական առաջնահերթությունները, գործունեության ուղենիշները, ընտրում նոր ղեկավարություն»,- ասվում է տեղեկագրում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը