Երեկ կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցավ առաջին լուրջ բախումը իրավապահների հետ։ Մեծ հաշվով, սա անխուսափելի էր, և չկա որևէ երաշխիք, որ չի կրկնվելու. երբ ստեղծված քաղաքական ճգնաժամը չի ստանում քաղաքական լուծում, և պետության փլուզման գործընթացը չի կանգնում, ապա ուժային բախումների հավանականությունը էապես մեծանում է։ Մյուս կողմից, ցանկացած բախումից հետո ձևավորում է նոր իրականություն, որը պետք է ճիշտ հասկանալ՝ ճիշտ լուծումներ գտնելու համար։
Սա իրականության մի քանի բնութագրիչներն են, որոնք կարող են դուր չգալ։ Բայց իրողությունները պետք է սառը ընդունել, ստեղծված ռիսկերը՝ գիտակցել, որպեսզի դրանք հնարավորինս կառավարելի լինեն։ Ըստ այդմ.
- Պետք է լուծում գտնել Նիկոլի անվտանգության սուպերիդեային։ Ժամանակին եղել են առաջարկներ, բայց չեղավ պատշաճ լուրջ մոտեցում։ Որպես առաջին քայլ՝ կարելի է հրաժարվել կառավարական ամառանոցների մոտ բազմահազարանոց հանրահավաքների գաղափարից. կենսական անհրաժեշտություն չէ հենց այնտեղ հավաքվելը՝ վայր, որտեղ ապրում է ընտանիքը, երեխաները։ Սա ընկալվում է որպես կյանքին ուղղված սպառնալիք և առաջ է բերում ամենևին ոչ քաղաքական պատասխաններ։
- Եթե մենք ընդունում ենք, որ Նիկոլը միտումնավոր է կառուցում հասարակություն-ոստիկանություն բարիկադներ, թշնամանքի նոր հարթություն, ապա շարժման հարթակը պետք է լինի շատ ավելի գրագետ ու սառը՝ այդ ծրագիրը վիժեցնելու համար։ Հասկանալով, որ էմոցիոնալ վիճակ է և դժվար է կառավարել զգացմունքները, այնուհանդերձ ցանկացած պրոցեսի կառավարում պահանջում է սառնասրտություն։
- Պայմանական ասած «Սարյան» փողոցի իրավիճակն իրականություն է, և մենք պետք է ընդունենք, որ առ այս պահը մեր հասարակության մի մեծ հատված անտարբեր է տեղի ունեցողի հանդեպ, չի ընկալում ռիսկերը, չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է, և որն է պայքարի իրական բովանդակությունը։ Իշխանությունը, օգտվելով շարժման հրապարակախոսական որոշ թույլ կետերից՝ հեշտությամբ ուղղորդում է հանրային կարծիքը՝ փորձելով մարգինալացնել շարժման մասնակիցներին։ Հետևաբար՝ պետք է վերանայել, վերափոխել բանաձևերը, ուրեմն՝ հարթակը անհրաժեշտ ճիշտ շեշտադրումներով և ճիշտ ձևակերպումներով չի խոսում լայն հասարակության հետ։
Եվ վերջապես պետք է ընդունենք, որ ունենք հանրության մի շերտ, որի համար Արցախը, Սյունիքը, Եռաբլուրը, անկլավները պայմանական հասկացություններ են։ Մարդկայնորեն գուցե բարդ է հասկանալ 20-30 տարեկանների անտարբերությունը, երբ Սարյանից 10 րոպե հեռավորության վրա իրենց հասակակիցների թարմ Եռաբլուրն է, որն ամեն պահի համալրման սպառնալիքի տակ է։ Սա դժվար է հասկանալ, բայց սա պետք է ընդունել որպես փաստ։ Սա, ի դեպ, չի ձևավորվել վերջին 4 տարում, սա ավելի հին ու բարդ թեմա է։
- Շարժումը չի ստանում միջազգային որևէ աջակցություն։ Հաշվի առնելով աշխարհում առկա՝ Ռուսաստան-Արևմուտք սուր առճակատումը, թվում էր՝ կողմերից գոնե մեկը պետք է աջակցեր։ Բայց սրանից սարքել ողբերգություն պետք չէ, սրանից պետք է անել հետևություն. հարթակը պետք է գտնի բանաձևեր, որոնք հասկանալի կլինեն միջազգային հանրությանը և հարևաններին։ Կլինեն ձևակերպումներ, որոնք համահունչ են տարածաշրջանի մասին խոշոր խաղացողների որոշակի պատկերացումներին։ Մենք մեր «Լաո»-ով առայժմ հակադրվում ենք նմանատիպ բոլոր պատկերացումներին։ Ինչպե՞ս ենք պատկերացնում բացառապես հակաթուրքական բովանդակությամբ աջակցություն ստանալ Ռուսաստանից, որի համար Թուրքիան այսօր առանցքային գործընկեր է, և ինչպե՞ս ենք պատկերացնում ստանալ աջակցություն Արևմուտքից, որը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով լուծում է կարևոր հարցեր։ Երկրի մոդեռնիզացիան, հետպատերազմյան վերականգնումը և կովկասի նոր ճարտարապետության գաղափարները մենք փոքրացրել-վերածել ենք դրսի աշխարհի համար անհասկանալի, պարզունակ հակաթուրքականության բանաձևի։ Բանաձևերի վերանայումը կարող է ստեղծել նոր իրավիճակ։
- Ներքին լարվածությունն ունի աճի միտում։ Այս պահին, ցավոք, չի երևում լուծումը։ Ձևավորվել է ակնհայտ քաղաքական ճգնաժամ, ամենայն հավանականությամբ առաջանալու է խորհրդարանական ճգնաժամ, իսկ Ալիևի ու բանակցային գործընթացի շնորհիվ՝ պետականության ճգնաժամ։
Մենք միակ երկիրը չենք, որը հայտնվում է նման վիճակում, և լուծումների տարբերակներն էլ շատ չեն։ Ամենաընդունելին միջնորդի կամ միջնորդների ինստիտուտի ակտիվացումն է, որը կօգնի Հայաստանին դուրս գալ այս վիճակից։ Այս վիճակը պահանջում է քաղաքական լուծում, ոչ մի գույնի բերետ դա չի լուծելու։ Միջնորդի ինստիտուտը կարևոր է հենց այդ նպատակով՝ արձանագրել քաղաքական լուծման բացառիկ անհրաժեշտությունը և գտնել սահուն, հնարավորինս անցնցում ճանապարհները։
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը