30 03 2022

Ի՞նչ է կատարվում Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում. աշխատակիցներն ահազանգում են․ 168․am

Ի՞նչ է կատարվում Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում. աշխատակիցներն ահազանգում են․ 168․am

168.am-ը գրում է․

«2022թ. մարտի 2-ին Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանը նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար՝ փոխարինելով իշխանափոխությունից հետո համայնքը ղեկավարած Դավիթ Կարապետյանին: Այս նշանակումը, սակայն, ըստ ամենայնի ցնցումներ է առաջացրել վարչական շրջանի աշխատակազմում:

168.am-ի հետ կապ հաստատած Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակիցները, ում անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, պատմում էին այն սթրեսային իրավիճակի մասին, որը ստեղծվել է Սաշա Կատվալյանի՝ իր նոր պաշտոնը ստանձնելուց հետո:

Դեռևս մարտի 4-ին «Հրապարակը» գրել էր, որ Սաշա Կատվալյանը պաշտպանության նախարար և նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի մտերիմն է, և Կատվալյանին գործուղել են Մալաթիա, որպեսզի համայնքում «կարգուկանոն» հաստատի, ամրապնդի իշխանության դիրքերը և աշխատի 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների համար:

«Թաղապետարանի աշխատակազմը, շունչը պահած, սպասում է. նրանց տեղեկություն է հասել, որ թաղապետը կադրային ջարդ է իրականացնելու և յուրայիններին է նշանակելու պաշտոնների»,- գրել էր թերթը:

Կադրային ջարդը, ըստ թաղապետարանի աշխատակիցների, արդեն իրողություն է:

«Մենք բարձրաձայնել ենք այն իրողությունների մասին, որոնք Սաշա Կատվալյանի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո կան թաղապետարանում, և դրանից հետո վիճակն ավելի է սրվել: Երկարամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին է ստիպում դիմում գրել, աշխատանքից ազատվել: Իր աշխատանքը թողած՝ սկսած 2018թ.-ից տվյալներ է հավաքում, որ մի բան գտնի: Սպառնում է անհիմն նկատողություններով, որ ազատելու հիմք ունենա»,- ասացին թաղապետարանի աշխատակիցները, ովքեր կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ:

Աշխատակիցների խոսքով՝ մոտ 40 մարդու արդեն իսկ ազատել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանը, և գործընթացը շարունակվում է:

«Ամեն օր աշխատանքի ենք գալիս՝ չիմանալով՝ հաջորդ օրը կրկին կգա՞նք, թե՞ արդեն ազատված կլինենք: Տարբեր բաժիններից՝ և կոմունալից, և քաղշինից, և եկամուտների ու առևտրի բաժնից, տեխնիկական սպասարկման բաժնից բավականին թվով աշխատողների է ազատել: Փոխարենը՝ թաղապետարանը լցրել է Դավիթաշենի թաղապետարանի անձնակազմով, ուր նախկինում աշխատել է»,- նշեցին մեր զրուցակիցները:

Ըստ նրանց՝ աշխատանքից ազատելիս ասվել է ընդամենը մեկ նախադասություն՝ մենք իրար հետ չենք կարող աշխատել:

«Իր ասելիքը մեր նորընծա ղեկավարը փոխանցել է տեղակալի և իր բերած բաժինների պետերի միջոցով, որոնց հրամանները դեռ չեն էլ եկել: Մեզ պարզապես ասում են՝ պարոն Կատվալյանը չի ուզում ձեզ հետ աշխատել, դիմում գրեք: Դիմումն էլ պետք է գրենք իր ուզած ժամկետով: Այն աշխատակիցներին, ովքեր հրաժարվում են ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմումներ գրել, հանձնարարում է կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք նրանց աշխատանքային պայմանագրերում չկան»,- իրենց վրդովմունքն արտահայտեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակիցները:

Նրանց խոսքով՝ նույն տեքստն ասվում է նաև այն բաժինների պետերին, ովքեր դեռ աշխատում են:

«Առաջին օրը, որ եկավ թաղապետարան, արդեն իսկ հետը շատ մարդիկ կային, և խոսում էին, որ այդ մարդիկ եկել են՝ աշխատեն: Բոլորին ազատելու է, որ կարողանա իր մտերիմներին տեղավորել աշխատանքի, և այդպես էլ եղավ: Ֆինանսականի պետ է բերել, իրավաբանական, քաղաքաշինության բաժինների պետեր, կոմունալ բաժնի պետ՝ նույնպես: Նաև, ինչպես արդեն նշեցինք, բազմաթիվ այլ աշխատակիցներ՝ հիմնականում Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմից և 4-րդ գյուղի իր համագյուղացիներից (Հաղթանակ թաղամաս.- Գ.Ս.)»,- ասացին 168.am-ի զրուցակիցները:

Թաղապետարանի աշխատակիցների պնդմամբ՝ այս պահին իրենց ազատմանն են սպասում առևտրի բաժնի, հողի վարձակալության և գովազդի բաժինների պետերը, ում հրահանգված է ազատման դիմում գրել:

«Ի դեպ, թաղապետարանի ավտոկայանատեղիում, որտեղ պետք է կայանված լինեն միայն աշխատակազմի մեքենաները, կայանվում են նաև դեռևս աշխատանքի չընդունված մարդկանց մեքենաները, որի իրավունքը չունեն»,- նշեցին թաղապետարանի աշխատակիցները:

Սաշա Կատվալյանի հետ 168.am-ին կապ հաստատել չհաջողվեց: Այնուամենայնիվ, պատրաստ ենք լսել նաև նրա տեսակետը ստեղծված իրավիճակի առնչությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ