«Իրավունք»-ը գրում է․ Ի՞նչ նպատակ է հետապնդում թշնամին կրկին անգամ փորձ անելով Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելով, ինչպե՞ս է Արցախում ընկալվում այն փաստը, երբ ՀՀ իշխանություններն այլևս անթաքույց հայտարարում են, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց առաջարկը նրանց համար լրիվ ընդունելի է: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺԿ կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ հետ:
-Պարոն Ղուլյան, ի՞նչ նպատակ է թշնամին հետապնդում` խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը, և որքանո՞վ նրա նպատակները կարող են իրականություն դառնալ` հաշվի առնելով առկա իրողությունները:
-Այստեղ որևէ գաղտնիք չկա` թշնամին առանց դիվանագիտական հնարքների բացահայտ հայտարարում է իր նպատակների մասին և ամեն օր այդ ուղղությամբ իր աշխատանքային տետրում նշում է` «կատարված է»: Խնդիրը մեզանում է` ավելի ճիշտ, մեր աշխատանքային տետրի բացակայության մեջ է: Էլ չեմ խոսում հետպատերազմյան շրջանի համար անհրաժեշտ ռազմավարության ու դրա տակ մշակված ծրագրերի մասին, որոնց ցանկում կարելի է «կատարվում է» գրառում անել միայն պատերազմից հետո պահանջված սոցիալական ռեաբիլիտացիայի ծրագրերի դիմաց, այն էլ «մասնակիորեն» հետգրության հետ:
Ես չեմ կարծում, թե իմ ասածը նորություն է` այսօր այդ մասին խոսում են համատարած, բայց հարցի հասցեատերը պետական համակարգն է` այն ինստիտուտները, որոնք ձևավորված են հենց ժողովրդին հուզող հարցերին պատասխաններ տալու և այդ ծրագրերն իրականացնելու նպատակով:
Մեր այսօրվա վիճակը արդյունք է 2020թ նոյեմբերի 9- ին միանձնյա ու հապճեպ համաձայնեցված եռակողմ հայտարարության, որում բացակայում է հայկական կողմից` իր շահերը պաշտպանելու ցանկությունը: Հասկանալի է, թե ինչ իրավիճակում է այն համաձայնեցվել, բայց հենց այդպիսի իրավիճակում կարելի էր գոնե մեկ-երկու դրույթով երաշխավորել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը:
Նույնիսկ այդպիսի նեգատիվ հիմքի վրա կարելի է աշխատել` իրավիճակը փոխելու նպատակ դնելով և ճանապարհային քարտեզ ունենալով: Իսկ մենք մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել ենք Վեդիի համայնքապետի ընտրությունների վրա կամ էլ զբաղված ենք սեղանի աղամանների և ծխելն արգելելու խնդիրներով, այնպես, ինչպես Դանիայում կամ Լյուքսեմբուրգում: Նրանց դեպքում դա լիովին հասկանալի է` նրանք չեն ապրում Ադրբեջանի ու Թուրքիայի հարևանությամբ:
-Առհասարակ, ինչպե՞ս են արցախցիները առկա իրողությունների համատեքստում պատկերացնում Արցախի ապագան: Ինչպե՞ս է ընկալվում այն փաստը, երբ ՀՀ իշխանություններն այլևս անթաքույց հայտարարում են, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետանոց առաջարկը նրանց համար լրիվ ընդունելի է:
-Արցախցիները, ինչքան էլ դա զարմանալի կարող է թվալ ոմանց` շարունակում են հավատալ, որ անկախ, ինքնիշխան երկրորդ հայկական պետությունը հոմանիշ է ազգային արժանապատվության, առանց որի վտանգված է հայկական ինքությունն ու հայկական անկախ պետականությունն ընդհանրապես: Չի կարելի չնկատելուն տալ, որ 2020թ. աշնանը 44 օրյա պատերազմից հետո մենք մարդկային թանկ կորուստներից բացի լուրջ իմիջային կորուստներ ենք ունեցել, բայց դա այն նույն ժողովուրդն է, որ 1988-91թթ. դիմակայել է ծանրագույն փորձությունների, որ 1992թ. ամռանը` կորցնելով իր տարածքի համարյա կեսը, իր մեջ ուժ գտավ վերականգնելու հռչակված հանրապետության տարածքային ամբողջականությունը, դեռ մի բան էլ` ավելի:
Իսկ հիմա կողքից նայենք ու տեսնենք, թե մեզ ինչ է պակասում այս օրերին, երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համեմատ, կարելի է, իհարկե, մի քանի սկզբունքային կետեր թվարկել, բայց գլխավորը համազգային սևեռումն է` նվիրումը ընդհանուր նպատակին ու հանուն այդ երազանքի զրկանքներ կրելու պատրաստակամությունը:
Մեր վաստակած ազատությունը արդարացնում էր մեր լույս տղաների զոհաբերությունը, իսկ ի՞նչ ունենք հիմա. ոչ պակաս հայրենասեր սերնդի ու դրա հետ էլ` Հայրենիքի մի զգալի մասի կորուստ և բաց ներվի պես իրեն ամեն րոպե զգացնել տվող վնասված արժանապատվությու՞ն: Նույն Քարագլխի պաշտպանության համար իմ հարազատ գյուղի մոտ քսան և հարակից գյուղերի ինքնապաշտպանության ջոկատներից մի քանի տասնյակ ջահել տղաներ են զոհվել 1992-93թթ., բայց նրանք անառիկ են պահել բարձունքը, իսկ հիմա՞ միայն լսում ենք, որ թուրքերը անարգել եկել ու հասել են իրենց համար մինչև հիմա անառիկ մնացած այդ վայրը: Հիմա հասկանալի՞ է, թե որտեղից է նրանց այդ ցնծությունը:
Ինձ համար դժվար է պատկերացնել, թե ինչքանով կարող է լրիվ ընդունելի լինել Ադրբեջանի հինգ կետերով առաջարկությունը, որովհետև ռեալ իրականության մեջ որևէ խաղաղասիրական ակնարկ չեմ տեսնում այդ կողմից: Հակառակը` ինչքան ասեք: Եվ մի բան էլ եմ ուզում ընդգծել, այն` ինչ ձեռնարկել է Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի հայաթափման բացահայտ կոչերը, նոր էթնիկ զտումների հավակնությունները, չեղած տեղից հումանիտար աղետի ստեղծումը, հոգեբանական ճնշումները, բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածությունները նենգափոխելը և այլն, այս ամենը շատ հիմնավոր փաստարկներ են այս փուլում նույնպես Արցախի ժողովրդի համար ինքնորոշման իրավունքը` որպես կյանքի իրավունք և այլընտրանք չունեցող պայման ներկայացնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը