«Դեկտեմբերի 10-ին մենք գուցե առաջինը Խորհրդային Միության տարածքում որոշեցինք, որ անկախ լինելու մեր իրավունքը միայն համաժողովրդական հանրաքվեով կարող ենք աշխարհին ներկայացնել: Դա շատ կարևոր նախադեպ է, որ նույնիսկ մնացած միութենական հանրապետությունների մոտ չկար այդպիսի կամք, համարձակություն, բայց մենք գնացինք այդ քայլին: Եվ Անկախության հանրաքվեն իրականացնելով՝ ցույց տվեցինք, որ սա ամբողջ Արցախի՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական կամքն է, երազանքն է: Գուցե սա պատասխանն է այն հարցին՝ սա սպառնալի՞ք է, թե վտանգ է: Մենք այդ ժամանակ անկախ պետություն հռչակելով՝ փորձում էինք Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել միջազգային պատժամիջոցներից և բոլոր վտանգներից: Հիմա ովքեր խոսում են՝ վտա՞նգ է սա, թե սպառնալիք է, թող հիշեն, որ Արցախում Հայաստանի համար երբեք վտանգ կամ սպառնալիք չեն ստեղծել: Եվ դա եղել է նույնիսկ այն ժամանակ, երբ որ Արցախը պետականություն չի ունեցել, նոր էինք դրա մասին մտածում: Եվ հիմա էլ նույն ձևով շարունակվում է: Այս զսպվածությունը, քաղաքական կոռեկտությունը, որ ինչ-որ մի տեղ ճիշտ չի հասկացվում, երևի նույնպես արդյունք է այն բանի, որ շատ ավելի խորն ենք հասկանում, թե ինչ հետևանքներ կարող են լինել, բայց լուռ լինելը դեռ չի նշանակում, թե ապահովագրված ենք բոլոր հնարավոր զարգացումներից: Մենք պետք է շարունակենք խոսել այն նույն խնդիրներից, որ այսօր մեզ համար շատ կարևոր են»,- «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Եթե Արցախի պետական հաստատությունները որոշել ենք պահել, դա պետք է պահվի ինքնությունը շատ ճիշտ ձևով ներկայացնելով, այդ ինքնությանը ամեն կերպ աջակցելու ճանապարհով: Բազմաթիվ բաղադրիչներ ու գործոններ կան, որոնք նպաստում են ինքնության պահպանմանը, սակայն գլխավորը միասնական տարածքն է և տեղական ավանդույթները պահպանելու պայմանները: Միասնական տարածքի տեսանկյունից մենք հիմա շատ անբարենպաստ միջավայրում ենք գտնվում, որովհետև Արցախի 100 հազարից ավելի բնակչությունն այսօր ցրված է ամբողջ Հայաստանով մեկ՝ Մեղրիից մինչև ամենահյուսիսային կետը: Շատ դժվար է պատկերացնել, որ նույնիսկ տեխնոլոգիապես զարգացած այս իրավիճակում առանց մեծ ջանքերի և լուրջ ռեսուրսների կարող ենք պահել ինքնության բոլոր բաղադրիչները: Ես հատուկ չեմ շեշտում քաղաքական բաղադրիչը, որովհետև դա շատ ավելի ընդգրկուն թեմա է, բայց ելակետը հենց դա է: Եթե մենք ուզում ենք, որ Արցախի հանրությունը, երիտասարդ սերունդը մոռացության չտա հայրենիք վերադառնալու, Արցախ վերադարձնելու թեման, իսկ դա ոչ մեկ ոչ անձնապես, ոչ խմբակային չի կարող որոշել Արցախի ժողովրդի փոխարեն, հետևաբար այն, ինչ Արցախի հայությունը կորցրել է՝ նյութական բարոյական կորուստների իմաստով՝թեկուզ և ժամանակավորապես լքելով իր հայրենիքը, այս ամենը, իհարկե, ծանր հոգեբանական հարված է, բայց եթե դրան գումարվի հոգեկանը, ինքնության կորստի այս լուրջ սպառնալիքը, շատ կործանարար կարող է լինել հայության այս հատվածի համար»:
Նրա խոսքով՝ արցախահայության ինքնությունը պահելու առաջին նախապայմանը՝ Արցախի պետական հաստատությունները պահպանելն է:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը