Որտեղ Գարիկ Սարգսյանն է, այնտեղ միջադեպերն անխուսափելի են։ Վեդիում ընտրություններով ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկն է տրվելու։ Այս մասին Ուրցաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։
«Անձրևաորդի նման գալարվել աթոռներին, սա է սրանց նպատակը, իսկ մեր նպատակն՝ համայնքը ոտքի կանգնեցնելը»,-ասաց Անդրեասյանը։
Անդրեասյանը դեմ է համայնքների խոշորացմանը։
«Վրաստանում ես արդեն տեսել եմ այդպիսի խոշորացումների հետևանքները և Վրաստանն այսօր ետ քայլ է կատարում։ Ես համոզված եմ՝ սա էլ երկար չի տևելու, որովհետև 19 բնակավայր մեկ վարչական միավոր դիտելը սխալ է»,-ասաց Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ Առաջինի ցուցակը հլխավորում է Սպարտակ Թարթիկյանը, որը Սիսավան համայնքի նախկին ղեկավարն է, երկրորդի ընտրացուցակը՝ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը