ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի գործողությունների, կատարած աշխատանքների առնչությամբ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակված՝ ««Ինչ ուզում՝ անում են». ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում հայկական տարածքներում» վերնագրով տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.
Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ նախաձեռնվել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով։
Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նմանատիպ փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ։
Այդուհանդերձ, Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը։ Քանի որ այդ տարածքները և ադրբեջանցի զինվորականների կողմից այնտեղ իրականացվող շարժը տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաև Կութ գյուղերից, դա հարուցում է տեղի ազգաբնակչության մտահոգությունը, ինչը և արտացոլված է ՄԻՊ զեկույցում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը