Ով է ասում, որ մենք պատրաստ չէինք, «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգոտատերերից մեկի հարցին՝ արդյոք հայկական կողմը չէ՞ր կարող 100 տոկոսով պատրաստ լինել հակառակորդի այդ մասշտաբներով հարձակմանը։
«Որեւէ մեկը չի կարող պնդել, թե մենք պատրաստ չէինք դրան։ Եթե մենք առաջին 10-15 օրերի ընթացքում մեզանից տասնապատիկ մեծ ուժի հետ, տեխնոլոգիապես գերժամանակակից սպառազինությամբ տասնյակ տարիներ զինված ուժի հետ ենք մարտել, դա չի նշանակում, որ պատրաստ չէինք։ Եթե թշնամուն հաջողվել է որոշ տարածքներում առաջ գալ, դա չի նշանակում, որ մենք 100 տոկոսով պատրաստ չէինք։ Մեր զինված ուժերը, մեր ժողովուրդը գտնվելով պատերազմի մեջ նման մեծ դաշնակցած ուժերի հետ, իր խնդիրը իր ունեցած հնարավորությունների սահմաններում կատարել է 100 ու 1 տոկոս ավելին։ Այո, ծանր կորուստների գնով, երբեմն տարածքային կորուստների գնով, բայց կատարել է շատ բարձր մակարդակով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց՝ ադրբեջանական զինված ուժերի ցամաքային եւ հետեւակային պոտենցիալը կոտրված լինելը չի նշանակում, թե չի շարունակվելու հարձակումը։
«Խոսքը հակառակորդի ցամաքային զորատեսակների հետեւակային եւ զրահատանկային խմբավորումների մասին է։ Օրինակ՝ հակառակորդի հրետանային զորքերն ավելի քիչ կորուստներ են կրել, քան հետեւակը։ Խոսքը նրա մասին չէ, որ նրանք այնքան թույլ են, որ չեն հարձակվելու, հենց հիմա էլ Մարտունիի ուղղությամբ մարտեր են։ Կհարձակվեն վարձկաններով, թուրքական ստորաբաժանումների ղեկավարությամբ եւ այլն»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ վարձկանների դերակատարությունը գնալով մեծանալու է. «Ադրբեջանը հենվելու է վարձկան ուժերի վրա։ Մեր տեսադաշտում արդեն ավելի քիչ է հայտնվում ծանր զրահատեխնիկա, ավելի շատ փոքր մեքենաներ են, որոնք ավելի շատ վարձկանների մարտավարությանն են մոտ»։
Ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելն աբսուրդ է, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Երբ ակտիվ մարտական գործողություն է գնում, ապա այդտեղ հնարավոր չի իրականացնել հերթափոխ։ Եթե տվյալ դիրքի վրա հարձակվում են, շնչելու ժամանակ չունես, զորք չես կարող այդտեղից հանել ու փոխել։ Եթե նույնիսկ մեկ գիշեր էլ մարտ տեղի չունենա ու հրաշքով կարոողանաս գիշերվա ընթացքում ամբողջ զորքին հանել, ապա նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու, ինչ այն զորքը։ Որքան էլ հոգնած լինի հին զորքը, ինքը տեղանքին լավ է տիրապետում, գիտի՝ հակառակորդն ինչ էր ուզում անել եւ ինչը չստացվեց։ Նոր զորքը պիտի ադապտացվի. ադապտացում չես կարող իրականացնել ակտիվ մարտական գործողությունների շրջանում։ Հնարավոր թեթեւ մարտական գործողությունների ենթարկված տեղամասերում կատարվել են հերթափոխեր։ Չենք կարողանալու հեշտությամբ բոլորին հերթափոխել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հերթափոխ կազմակերպելու արդյունքում կարող ենք կորցնել եւ՛ հերթափոխվողներին, եւ՛ հերթափոխողներին, եւ՛ այն դիրքերը, որոնք իրենք զբաղեցնում էին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը