27 10 2020

Հայաստանում կստեղծվի աշխարհազոր. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը

Հայաստանում կստեղծվի աշխարհազոր. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 71 կողմ ձայնով ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը: 

«Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը, որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համար: Աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով»,- ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Գաբրիել Բալայանը հավելեց, որ աշխարհազորայինի հետ կնքվելու է պայմանագիր, նրան ամրակցվելու է զենք, հատկացվելու է զինվորական համազգեստ և աշխարհազորայինը նշանակվելու է համապատասխան պաշտոնի:

«Աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև` աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները` պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան համայնքում (Երևան քաղաքում` ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից»,- նշեց Գաբրիել Բալայանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ