Այսօր հանդիպել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Կարևորելով քաղաքային իշխանության հետ սերտ եւ փոխգործակցված աշխատանքը՝ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկել ենք մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, նախանշել դրանց կատարման ժամկետները:
Նախընտրական ծրագրում նախատեսված, ինչպես նաեւ ստեփանակերտցիների հետ հանդիպումների ժամանակ գրեթե ամբողջությամբ արձանագրել ենք լուծում պահանջող քաղաքային նշանակության հարցերն ու խնդիրները, եւ, խոստացածի համաձայն, ըստ առաջնահերթության՝ դրանք մշտապես գտնվելու են կառավարության եւ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում»,- ասված է գրառման մեջ:
Ավելի ուշ ընդարփակ կազմով քննարկվել են մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակներում գտնվող զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամների՝ վերանորոգման ենթակա բնակարանների եւ բնակելի տներով ապահովման հարցերը:
«Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ պայմանավորվել ենք մինչեւ 2021թ.-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել մեր ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը: Հորդորել եմ քաղաքապետին սեղմ ժամկետներում կազմակերպել նախագծանախահաշվային աշխատանքները: Իսկ վերը նշված մեր տասնյակ համաքաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը նախատեսում ենք լուծել մինչև 2022թ.-ի վերջը»,- ասված է գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը