01 05 2020

Պետության գլխավոր նպատակն այն է, որ ամեն մեկը կարողանա աշխատել․ Բակո Սահակյան

Պետության գլխավոր նպատակն այն է, որ ամեն մեկը կարողանա աշխատել․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ,  ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանությունը միշտ եղել է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Իսկ ներկա պայմաններում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեր երկրում,  նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվում են խիստ միջոցառումներ ու սահմանափակումներ, այն ավելի է կաևորվում:

Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որպեսզի ստեղծված իրավիճակում հնարավորինս պաշտպանենք մեր քաղաքացիներին, պահպանելով մարդկանց առողջությունը, կարողանանք ապահովել բարենպաստ ու անվտանգ աշխատանքային պայմաններ նրանց համար:

Պետության գլխավոր նպատակներից եղել և մնում է այն, որ ամեն մեկը հնարավորություն ունենա աշխատել ու արարել սեփական հողի վրա, ստեղծել նյութական, մշակութային և հոգևոր արժեքներ՝ դրանով իսկ նպաստելով ինչպես իր և իր ընտանիքի բարեկեցության ու բարօրության ապահովմանը, այնպես էլ մեր հայրենիքի զարգացմանն ու զորացմանը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ