08 08 2024

Ահազանգեր են ստացվում Բաքվում գտնվող արցախցի պաշտոնյաների առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ․ «Ժողովուրդ»

Ահազանգեր են ստացվում Բաքվում գտնվող արցախցի պաշտոնյաների առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մոտ մեկ տարի է, ինչ ապօրինի կերպով պահվում է Բաքվում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ ռազմական ապօրինի գործողություններ հրահրելուց հետո՝ Ադրբեջանը շինծու մեղադրանքներով գերեվարեց Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և գեներալ Դավիթ Մանուկյանին: Նրանք մինչ օրս պատանդի կարգավիճակով պահվում են Բաքվի բանտում կալանքի տակ:

Այս ընթացքում բազմիցս ահազանգեր են ստացվում Բաքվում գտնվող արցախցի պաշտոնյաների առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին դարձյալ կտրուկ վատացել է ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի առողջական վիճակը, ինչը փաստում է Բաքվի բանտերում նրանց նկատմամբ անմարդկային եւ միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ վերաբերմունքի մասին։

Մեր տեղեկություններով՝ Լևոն Մնացականյանի մոտ շաքարային դիաբետի լուրջ խնդիրներ են առաջացել․ հիվանդությունը Բաքվի բանտային պայմաններում ավելի է սրվել։

ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ արյան ճնշման ու սրտանոթային լուրջ խնդիրներ ունի:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դեռ ապրիլին էր հայտարարել, որ վերջինս հացադուլ է իրականացնում՝ պահանջելով բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը:

Հացադուլի ու պահման վատ պայմանների պատճառով Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը եւս վատթարացել է: Իսկ Արայիկ Հարությունյանն իր հարազատների հետ խոսակցության ժամանակ հասկացրել է, որ հույսները կտրեն իրենց վերադարձի հետ կապված ու ապրեն առանց իրենց:

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե երբ են պատվիրակները վերջին անգամ այցելել Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին եւ առողջական ինչ վիճակում են նրանք.

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները Բաքվում պարբերական կերպով շարունակել են տեսակցել բոլոր հայերին, ովքեր պահվում են Ադրբեջանում։ Պահվող անձանց թվում են նաև մարդիկ, որոնց անունները մեր կազմակերպությանը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Վերջին նման տեսակցությունն այդ անձանց հետ տեղի է ունեցել հուլիս ամսվա ընթացքում և, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում եղել են և շարունակում են մնալ այս անձանց առողջական վիճակը և նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները․ սակայն մեկնաբանել հանրային հարթակում այս ամենը մեր կազմակերպությունը չի կարող, քանի որ, ըստ ընթացակարգի, անհանգստացնող ընթացիկ կամ ընդհանուր հարցերը, որոնք վերաբերում են այս խնդիրներին, քննարկվում են միայն իշխանությունների հետ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ։ Միակ բանը, որ կարող եմ ավելացնել, այն է, որ մեր պատվիրակների տեսակցությունների շրջանակում յուրաքանչյուր անձի հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասաց Ամատունին:
Հուսանք՝ մեր հրապարակումից հետո միջազգային հարթակներում ահազանգը չեն թողնի անպատասխան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ