Ապրիլի 29-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հայաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից զորակցություն է հայտնել Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ համավարակով պայմանավորված մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու և այն շուտափույթ հաղթահարելու գործում:
Նախարար Մնացականյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և իրականացվող ծրագրերը:
Համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման համատեքստում ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ:
Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ընդգծել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս հայ-իտալական քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում արտգործնախարարները դրական են գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ուղենշվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը