Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից:
Որոշման համաձայն՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ:
Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:
Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է եռամսյակը մեկ հանձնախմբի աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը