7or.am-ը գրում է․ Թուքիայի ու Ադրբեջանի շահերի սպասարկմանը լծված «ՀՀ կառավարության» այսօրվա նիստում «ՀՀ վարչապետ» սաղավարտ կրող Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, հերթական անգամ բարբաջեց «խաղաղության», դրա՝ այլընտրանք չունենալու մասին: Եթե Նիկոլ Փաշինյանի «խաղաղությունը» նորմալ վերծանենք, ապա նրա ասածը նշանակում է, որ շարունակվելու են հայ զինվորների սպանությունները, Հայաստանի ոչնչացման ծրագիրը: Միայն բուժհանձնաժողովով փաստաթղթավորված ապուշը կարող է թեկուզ կես միկրոնի հույս կապել Նիկոլ Փաշինյանի «խաղաղության» խոստումների հետ: Ինչևէ:
Ուշադրություն գրավեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արտակարգ իրավիճակների նախարարության վերաբերյալ: Ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարին, իսկ ԱԻՆ-ը՝ պըրծ: Այսինքն՝ հունիսի 30-ից հետո Հայաստանն այլևս արտակարգ իրավիճակների նախարարություն չի ունենա: Այն, ինչպես հայտնի է, այսպես ասած՝ միավորվելու է Նիկոլ Փաշինյանի անձնական ոստիկանական գերատեսչությանը՝ ներքին գործերի նախարարությանը:
Այսինքն, ՆԳՆ-ի տակ են անցնելու փրկարարները, հրշեջները, սեյսմիկ անվտանգության ծառայությունը, իրեն բավականին լավ դրսևորած «911»-ը, թերևս նաև քաղաքացիական պաշտպանությունը և՝ «մի կին՝ ատամնատեխնիկ»:
Այսինքն, Հայաստանին, ճշտենք՝ Նիկոլ Փաշինյանի Հայաստանին արտակարգ իրավիճակների նախարարություն պետք չէ՛:
Կասեն, թե ընդամենը ղեկավարումն են հանձնելու ՆԳՆ-ին, իսկ մնացած կառույցները, ինչպես գործում էին, այնպես էլ գործելու են: Այսինքն, ՆԳՆ-ն կարգի պահպանությունից, հանցավորության դեմ պայքարից, ճանապարհային ոստիկանությունից, պարեկությունից, Նիկոլ Փաշինյանին հազարներով «ուղեկցելուց», ձեռքի հետ՝ ճանապարհին հայտնված մարդկանց վրաերթի ենթարկելով սպանելուց բացի, նաև զբաղվելու է փրկարարական աշխատանքների, հրդեհաշիջման, սեյսմիկ անվտանգության աշխատանքների կազմակերպմամբ ու կառավարմամբ: Իսկ ինչո՞ւ «շրջակա միջավայրն» էլ չկցել ՆԳՆ-ին: Ավելին, ՆԳՆ-ին կարելի է կցել նաև էկոնոմիկայի նախարարությունը, միևնույն է, անիմաստ կառույց է «Նիկոլի թվի Հայաստանում»: Է՛լ ավելին, հաշվի առնելով այն բազմամիլիարդանոց պարգևավճարները, որոնք տրվում են ՆԳՆ համակարգին, կարելի է ֆինանսների նախարարությունն էլ դնել Նիկոլ Փաշինյանի սիրելի համերկրացի «սուպեր-նախարարի» տակ: Այսպես ասած՝ «իջևանցիների կլանը» դրանից հետո առհասարակ կվարի ու կցանի:
Սարկազմ՝ սարկազմ, բայց գործնականում շարունակվում է 2018-ի ապրիլից մեկնարկած պետականաքանդության գործընթացը: Ու պետական կառույցները, որոնք ձևավորվել էին Հայաստանի անկախության վերականգնմանը հաջորդած տասնամյակներում, Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն հետևողականորեն կազմաքանդում են:
Հայաստանի Հանրապետությունը այլևս չունի նաև էներգետիկայի նախարարություն, չունի գյուղատնտեսության նախարարություն: Եվ այդ ամենը անհետևանք չի անցնում: Հարկավ, խոսքը բացասակա՛ն հետևանքների մասին է: Դե, իսկ սպորտը, մշակույթը, կրթությունն ու գիտությունն էլ «բորշված» են ագլճ... կներեք, ԿԳՄՍ նախարարության կազմում: Մի խոսքով՝ Փաշինյանին հանգիստ կարելի է «պատվել» «Նիկոլ-քանդարար» արտահայտությամբ, առավել ևս, որ նրա վարած «քաղաքականությունը» հենց դա է՝ քանդել, ջնջել ամեն ինչ:
Հա, ի դեպ, ԱԻ նախարարությունն էլ է արդեն ջնջված կառավարության պաշտոնական կայքէջի՝ կառավարության կառուցվածքի բաժնից: Դեռևս մի քանի տարի առաջ գրված ֆելիետոններից մեկում տողերիս հեղինակն առաջարկել էր առհասարակ բոլոր նախարարություները լուծարել՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնի անվանումը խմբագրելով այսպես. «ՀՀ վարչապետ-ամեն ինչի նախարար, որը ոչ մի բանի համար պատասխանատու չէ»:
Եվ դառը հեգնանքը, թե «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը Նիկոլ Փաշինյանը փակեց և հիմա հերթը բուն Հայաստանի Հանրապետությանն է, ցավոք, սպառնում է դառնալ մարգարեություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը