Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու հրավերի համար եւ նշել. «Մեզ համար շատ թանկ են մեր երկրների ու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները։ Պատրաստ ենք դրանք առավելագույնս զարգացնել ու ընդլայնել»։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄԷ իր այցի ընթացքում վերականգնվող էներգետիկայի առաջատար «Մասդար» ընկերության եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջեւ համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արեւային էներգիայի նախագծեր մշակելու եւ զարգացնելու վերաբերյալ, որի համաձայն՝ Հայաստանում կատարվելու են շուրջ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Նշելով, որ Հայաստանն ունի գեղեցիկ բնություն՝ նախագահն ասել է, որ այս նախագիծը, որը կարեւոր քայլ է Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ, կնպաստի Հայաստանն ավելի կանաչ դարձնելուն։
Նախագահ Արմեն Սարգսյանը եւ թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել են հայ-էմիրաթական փոխգործակցության ողջ սպեկտորին: Նրանք հեռանկարային են համարել փոխգործակցությունը նորարարության, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս համատեքստում նախագահը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ՝ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը եւ նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված՝ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը», ինչպես նաեւ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության եւ մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ուրախ կլինենք այս ծրագրի շրջանակում համագործակցել նաեւ էմիրաթական ընկերությունների հետ»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:
Զրուցակիցները նշել են նաեւ սննդի անվտանգություն, գյուղատնտեսության ոլորտներում շահավետ համագործակցության մեծ ներուժը, մտքեր փոխանակել միջուկային էներգետիկայի, միջուկային վառելիքի եւ միջուկային թափոնների կառավարման խնդիրների վերաբերյալ։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների թվում նշվել է նաեւ զբոսաշրջությունը: Նախագահ Սարգսյանը զբոսաշրջության, գործարար կապերի ակտիվացման տեսակետից կարեւորել է Աբու Դաբիի եւ Երեւանի միջեւ ուղիղ օդային կապի հաստատումը։ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հանձնարարել է համապատասխան կառույցի ղեկավարին՝ քննարկել եւ կոնկրետ լուծում տալ հարցին:
Պատվիրակությունների կազմով հանդիպմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի առանձնազրույցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը