Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը։
Վերջինս վարչապետին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ջերմ ողջույններն ու նշել, որ տիկին Մուշիկիվաբոն նախատեսում է գալիք տարեսկզբին այցելել Երևան՝ հանդիպելու կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: Դեզիրե Նյարուհիրիրան վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի՝ ՀՀ այցելելու նախաձեռնությունը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:
Հանդիպման շրջանակում վերաստորագրվել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային՝ նախկինում արդեն իսկ ստորագրված պայմանագիրը՝ որոշակի փոփոխություններով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը