Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի օրվա առթիվ․
«Սիրելի՛ երեւանցիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի տարբեր կողմերում,
Երեւանի հարգելի՛ բարեկամներ ու հյուրեր,
Այսօր ամենայն հայոց մայրաքաղաքի տոնն է՝ Երեւանի օրը:
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երեւանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը:
Երեւանը բոլորինս է, աշխարհի որ կետում էլ գտնվենք:
Երեւանի պատմամշակութային ժառանգությունը մեր արժեքների անբաժանելի մասն է: Այն պետք է պահպանել ու փոխանցել սերնդեսերունդ՝ որպես հպարտություն, որպես ազգային կենսունակության վկայություն, ոգեշնչման անփոխարինելի աղբյուր:
Երեւանը կարելի՛ է սիրել եւ պե՛տք է սիրել նաեւ նրա հանդեպ հոգատար ու սրտացավ լինելով:
Երեւանը միայն արտաքուստ է քարի քաղաք: Իրականում այն չափազանց նուրբ է ու զգայուն:
Երեւանը հիշողություն ունի:
Երեւանը լայնաժպիտ կանչում ու մեծահոգաբար ընդունում է բոլորիս:
Երեւանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ:
Երեւանն այսօր եւս մեկ էջ է ավելացնում շուրջ երեքհազարամյա իր պատմությանը: Այդ պատմությունը գրվում է ամեն մեկիս միջոցով՝ մեր աշխատանքի, մեր վերաբերմունքի, արարումի, խոհի միջոցով՝ հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս:
Սիրե՛նք Երեւանը, ամեն Աստծո օր մի միտք, մի երազանք, մի գաղափար հղանանք, դրանք գործ ու իրականություն դարձնենք՝ հանուն Երեւանի ու երեւանցու, հանուն Հայաստանի եւ համայն հայության:
Տոնդ շնորհավոր, Երեւա՛ն, իմ սե՛ր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը