Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի մայիսի 16-ին Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին եւ հանդես կգա ելույթով:
Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ամեն տարի հայտնի քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնես-առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային փոփոխությունները:
Տոկաեւն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությունը ֆորումի աշխատանքներին կնպաստի երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ ներդրումային ու առեւտրային կապերի ամրապնդմանը:
Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Ղազախստանի ղեկավարության, ինչպես նաեւ ֆորումին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը