ԳԴՀ կանցլերի և Բունդեսթագի նախագահի հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԳԴՀ նախագահական նստավայրում` Բելվյու ամրոցում ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա, որը Հայաստանի և Գերմանիայի միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Նախագահ Շտայնմայերն ընդգծել է` երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պետք է շարունակաբար ամրապնդել և օգտագործել այլ ուղղություններով ևս համագործակցությունը զարգացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ միջպետական երկխոսությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական գործընկերության ընդլայնմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և այդ համատեքստում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը