29 10 2018

Արմեն Սարգսյանը կհանդիպի Լուկաշենկոյին

Արմեն Սարգսյանը կհանդիպի Լուկաշենկոյին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է: Համաժողովի հիմնական խմբի հանդիպումները սովորաբար կազմակերպվում են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ հնարավորություն ընձեռելով բարձրաստիճան մասնակիցներին քննարկել միջազգային անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը: Ավանդաբար հիմնական խմբի ուշադրության կենտրոնում լինում է հյուրընկալող տարածաշրջանի անվտանգության քաղաքականությունը: 

Մինսկում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են տարածաշրջանի երկրների կառավարությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ղեկավար անձինք: Օրակարգային հարցերը վերաբերելու են Արևելք-Արևմուտք փոխհարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին, Մինսկի գործընթացին, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում տնտեսական իրավիճակին:

Այցի շրջանակում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ