23 10 2018

Նախագահն ԱԺ Կանոնակարգ օրենքի սահմանադրականության հարցով կդիմի ՍԴ

Նախագահն ԱԺ Կանոնակարգ օրենքի սահմանադրականության հարցով կդիմի ՍԴ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել ԱԺ ՝ 2018թ. հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.  «Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նախագահ Արմեն Սարգսյանն իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա: Այս մոտեցումն ընկած էր նաև Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու առաջին փորձի հիմքում, երբ հաշվի առնելով տարբեր քննարկումների ընթացքում հնչեցված դիտարկումները և առաջարկները, նախագահ Սարգսյանը նախաձեռնեց թեկնածու առաջադրելու նպատակով խորհրդատվական գործընթաց: Նույն մոտեցումն է գործում նաև յուրաքանչյուր օրենք ստորագրելիս: Լինի դա նոր ընդունված օրենք, թե գործող օրենքում փոփոխություն, այն ստորագրելու համար նախագահը և իր աշխատակազմը համակարգային վերլուծում են՝ թե արդյոք առկա են առերևույթ սահմանադրաիրավական խնդիրներ, որքանով է նոր օրենքը կամ օրենսդրական փոփոխությունը նպաստում կոնկրետ խնդրի լուծմանը, գնահատվել են արդյոք ազդեցության հավանական զարգացումները: Բոլոր օրենքները պետք է համապատասխանեն Սահմանդրությանը և ծառայեն իրենց նպատակներին՝ միտված լինելով կոնկրետ խնդիրների կանոնակարգմանը:

Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը տարաբնույթ մեկնաբանությունների և քննարկումների տեղիք տվեց:

Օրենքի վերաբերյալ փաստացի արձանագրվեց հանրության մի ստվար զանգվածի անհամաձայնությունը: Հավատարիմ իր մոտեցմանը՝ նախագահ Սարգսյանը հանձնարարեց իր աշխատակազմին ավելի խորն ուսումնասիրել տվյալ հարցի վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված Օրենքի փոփոխությունները՝ իրենց հիմնավորմամբ:

Օրենքի փոփոխությունների, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի գործող խմբագրության վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները վկայում են որոշակի առերևույթ սահմանադրա­իրավական խնդիրների մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության գերակայությունը՝ նախագահ Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ