Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ից 25-ը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:
Նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով:
Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում: Նա Ժնևում կմասնակցի նաև «Crans Montana» միջազգային հեղինակավոր ֆորումի 20-րդ տարեկան նստաշրջանի բացմանը և տեղական ու գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը