Քանի որ նոյեմբերի 11-ին Բաքվում նախատեսված է անցկացնել ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովը (COP29), գնալով ավելի հստակ է դառնում, որ չպետք է Ադրբեջանին թույլ տրվեր հյուրընկալել նման հեղինակավոր հավաք։ Ի հավելումն Բաքվում էթնիկ զտումների և հայ բանտարկյալների անօրինական կալանավորման վերաբերյալ հայկական բողոքների՝ ամբողջ աշխարհում առարկություններ են առաջացել Բաքվում համաժողովի անցկացման վերաբերյալ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ և շարունակական խախտումների պատճառով։
Հոկտեմբերի 10-ին Human Rights Watch կազմակերպությունը (HRW) հրապարակեց մի հոդված՝ «COP29-ը հյուրընկալող երկրի համաձայնագրում բացակայում է իրավունքների պաշտպանությունը. Ադրբեջանը պետք է երաշխավորի քաղաքացիական հասարակության մասնակիցների իրավունքները կլիմայի համաժողովում» վերնագրով: HRW-ն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Բաքվի կողմից համաժողովի հյուրընկալման կապակցությամբ։
HRW-ն ձեռք է բերել ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրի պատճենը, որը չի հրապարակվել, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի անդամները պնդել են, որ «հյուրընկակող երկրի համաձայնագրերը պետք է հասանելի լինեն հանրությանը և պետք է պահպանվի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավունքը»:
HRW-ն հորդորել է ՄԱԿ-ին «հրապարակային կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորությունները և նպաստել կլիմայի համաժողովին հարգելու մարդու իրավունքները»: Amnesty International-ը ևս նման պահանջ է ներկայացրել այս տարվա հուլիսին։ Կարևոր է, որ Համաձայնագիրը պաշտպանի ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այլև համաժողովի հազարավոր միջազգային մասնակիցների անվտանգությունն ու ապահովությունը։
Երբ ես սեղմեցի HRW-ի հոդվածում ներառված հղման վրա, գտա 20 էջանոց համաձայնագրի տեքստը, որը ստորագրվել է ՄԱԿ-ի և Ադրբեջանի կառավարության միջև 2024 թվականի օգոստոսին։ HRW-ն դժգոհել է, որ համաձայնագիրը «լի է զգալի թերություններով և անորոշություններով մասնակիցների իրավունքների պաշտպանության առումով»: Օրինակ, թեև համաձայնագրում ասվում է, որ համաժողովի մասնակիցները «կվայելեն անձեռնմխելիություն իրավական գործընթացից՝ բանավոր կամ գրավոր խոսքերի և իրենց կողմից կատարված ցանկացած գործողության համար», այն պահանջում է, որ նրանք «հարգեն Ադրբեջանի օրենքները և չմիջամտեն նրա «ներքին գործերին»»։
Ահա տորագրված համաձայնագրի կարևորագույն կետերը.
- Կառավարությունը [Ադրբեջանի] պարտավորվում է պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները, մարդու արժանապատվությունը և արժեքը, ինչպես նաև բոլոր մասնակիցների հավասար իրավունքները, որոնք մասնակցում են նախաժողովային հանդիպումներին/համաժողովներին/ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ժողովներին»։
- «Բաքվի օլիմպիական մարզադաշտի տարածքը, որտեղ պետք է անցկացվեն համաժողովը և նախընտրական հանդիպումները, ներառյալ դրանից անմիջապես դուրս գտնվող ցանկացած տարածք, կլինի Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության և ապահովության վարչության անմիջական վերահսկողության և հակակշռի ներքո….»:
- «Հյուրընկալող երկրի աջակցող և տեխնիկական անձնակազմը պետք է առաջնորդվի ամենաբարձր էթիկական և մասնագիտական չափանիշներով և ակնկալվում է, որ կվարվի ազնվությամբ ու հարգանքով: Կառավարությունը պետք է ապահովի, որ համապատասխան չափորոշիչները լիովին հասկանալի լինեն»:
- «Կառավարությունն իր ծախսերով պատասխանատվություն է կրում ոստիկանության այնպիսի պաշտպանության և անվտանգության համար, որը կարող է պահանջվել՝ ապահովելու…. Համաժողովի արդյունավետ աշխատանքը՝ առանց որևէ տեսակի միջամտության»:
- Համաժողովի տարածքի անվտանգության համար պատասխանատու է ՄԱԿ-ի անվտանգության և ապահովության վարչությունը․․․. Համաժողովի տարածքից դուրս անվտանգությունը Կառավարության պատասխանատվությունն է…. Անվտանգության նման անձնակազմը պետք է առաջնորդվի էթիկայի և մասնագիտության ամենաբարձր չափանիշներով և ակնկալվում է, որ կվարի ազնվությամբ և հարգանքով: Կառավարությունը պետք է ապահովի, որ համապատասխան չափորոշիչները լիովին հասկանալի լինեն:
- Բոլոր մասնակիցները «Ադրբեջանի Հանրապետության տարածքում օգտվելու են արտոնություններից և անձեռնմխելիությունից»՝ համաձայն ՄԱԿ-ի «Արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայի….»: Դիտորդ կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ անձինք...․ կվայելեն անձեռնմխելիություն իրավական գործընթացից՝ բանավոր կամ գրավոր խոսքերի և նրանց կողմից իրենց մասնակցության հետ կապված ցանկացած գործողության առնչությամբ»:
- Բոլոր մասնակիցներն «ունեն Ադրբեջանի Հանրապետություն մուտքի և ելքի իրավունք, և ոչ մի խոչընդոտ չպետք է դրվի նրանց անցման համար դեպի Համաժողովի տարածքներ և այնտեղից դուրս գալու համար»: Բացառություններ կարող են արվել միայն այն դեպքում, երբ կառավարությունը ՄԱԿ-ին ներկայացնի «օրենքի վրա հիմնված առարկություններ կոնկրետ անձի մուտքի վերաբերյալ։ Նման առարկությունները պետք է վերաբերվեն կոնկրետ քրեական, անվտանգության հարցերին, այլ ոչ թե ազգությանը, կրոնին, մասնագիտական կամ քաղաքական պատկանելությանը»:
- Համաժողովի տարածքները «պաշտպանված են…․ և դրանց մուտքը ենթակա է [ՄԱԿ-ի] քարտուղարության լիազորություններին և վերահսկողությանը: Այդ տարածքները պետք է անձեռնմխելի լինեն Համաժողովի ողջ ընթացքում»:
- «Սույն համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող բոլոր մասնակիցները․․․․ պարտավոր են հարգել Ադրբեջանի Հանրապետությունում գործող օրենքներն ու կանոնակարգերը և պարտավոր են չմիջամտել նրա ներքին գործերին»։
- Բացի համաժողովի հյուրընկալման ծախսերի վճարումից, Ադրբեջանի կառավարությունը ՄԱԿ-ին կփոխհատուցի 5,811,800 դոլար՝ Համաժողովի պլանավորման, ՄԱԿ-ի անձնակազմի ավիատոմսերի և տեխնիկական ծառայությունների ծախսերի համար:
Համաձայնագրում վերջապես ասվում է, որ «Համաժողովի ավարտից հետո [ՄԱԿ-ի] քարտուղարությունը [ՄԱԿ-ի] Բյուրոյին զեկույց կներկայացնի սույն համաձայնագրի պայմանների կատարման վերաբերյալ, այդ թվում՝ քաղած դասերի և առկա մարտահրավերների»։
Համաժողովի ավարտին մենք կիմանանք, թե արդյոք Ադրբեջանը պահպանել է համաձայնագրի պայմանները, հատկապես մարդու իրավունքների հետ կապված, մասնավորապես, ոստիկանության կողմից համաժողովի ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հանրային բողոքի ցույցերը ճնշելու հարցում:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը