05 10 2018

Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների ուսուցիչը․ Նախագահ

Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների ուսուցիչը․ Նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ,Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ: 

Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլև առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարևորագույն գործող անձերից մեկը: Ինտերակտիվ գրատախտակները, էլեկտրոնային գրքերը չեն կարող ուսումն ու դպրոցն ավելի գրավիչ դարձնել, եթե չկա այն Ուսուցիչը, ով կարող է հետաքրքրություն առաջացնել աշակերտի մեջ, ով կարող է օգնել նրան՝ ճանաչելու աշխարհը:

Ինչքան էլ արագ փոփոխվի կյանքը, ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, ցանկացած տարիքում բոլորս Ուսուցչի կարիքն ունենք, այն Ուսուցչի, որի խոսքն ուղղել է մեր միտքը, որի տված գիտելիքը դարձել է առաջնորդող ուժ և մեզ օգնել նույնպես առաջնորդ դառնալ, առաջնորդ՝ մտածելու և գործելու, առաջնորդ՝ աշխատելու և պայքարելու, և իհարկե, առաջնորդ՝ առաջնորդելու առումով:

Այսօրվա Հայաստանում հասարակությունն սպասում է մեծ փոփոխությունների, ինչն արտահայտվում է նաև գաղափարների, ուսման նպատակների, սպասումների մեջ: Սիրելի՛ մանկավարժներ, Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները, ում աշակերտներն ավելի պահանջկոտ են, ում տված գիտելիքն ավելի պահանջարկված է: Ուսուցիչը որպես կոչում շարունակում է լինել առանձնահատուկ: Այդպիսին էլ պետք է մնա մեր՝ աշակերտներիս վերաբերմունքը ձեր՝ ուսուցիչներիդ հանդեպ: Շնորհավորում եմ ձեզ այսօրվա լուսառատ տոնի առթիվ: Առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ