01 10 2018

Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների առթիվ՝ շնորհավորելով դրանք Սահմանադրական նորմերին ու սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Շնորհավորում եմ ընտրությունները Սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ: Սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։

Այս առումով բարձր եմ գնահատում մրցակից դաշինքների և կուսակցությունների, ինչպես նաև ընտրությանը չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները և շնորհավորեցին հաղթած ուժին։«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ և ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը: Մաղթում եմ Երևանի նոր իշխանություններին արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման և նրա բնակիչների բարեկեցության աճի»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ