10 09 2018

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. Փաշինյան

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարները:

Ողջունելով Վրաստանի վարչապետին` Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ Ձեզ շնորհավորել` Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ցանկանալ, որ հաջողությամբ իրականացնեք այն բոլոր ծրագրերը, որ ունեք ի բարօրություն Վրաստանի և ի նպաստ մեր հարաբերությունների բարելավման:  Ես ջերմությամբ եմ հիշում իմ այցը, որ կատարեցի Վրաստան վարչապետ ընտրվելուց հետո և հույս ունեմ, որ Ձեր այցի արդյունքում այն լավատեսությունը, որ մենք ունեցանք իմ այցի արդյունքներով Վրաստան, կկրկնապատկվի:  Վրաստանում ես մեր հարաբերությունների նոր բանաձև առաջարկեցի, որի էությունը հետևյալն է. Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում և մտադրություններում չկա որևէ դավադրություն, նեգատիվ մտադրություն, որևէ սպառնալիք, և հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի և վրաց ժողովրդի գործողություններում ու մտադրություններում չկա որևէ դավադրություն, որևէ սպառնալիք և վատ մտադրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ»:  Ես ուզում եմ այս այցի կապակցությամբ այդ բանաձևը զարգացնել ևս մի այսպիսի նրբությամբ. կարծում եմ, որ և Հայաստանի Հանրապետությունը, և Վրաստանն իրենց գործողություններում, արտաքին հարաբերություններում պետք է չմոռանան մեր հարևանության առանձնահատուկ բնույթը: Համենայն դեպս, ես վարչապետ ընտրվելու առաջին օրից հենց այդպես էլ վարվել եմ, և համոզված եմ, որ այդպես վարվում եք նաև Դուք, և այդպես վարվում են Վրաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները: Բարով եք եկել»:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր խոսքում ասել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այսպիսի ջերմ ընդունելության համար: Ինձ համար միշտ ուրախալի է Երևան ժամանելը:  Կարծում եմ, որ այն հարաբերությունները, որ դարերի ընթացքում ձևավորվել են մեր երկու պետությունների միջև, իսկապես կարևոր են: Չէ՞ որ մենք նոր էջից չենք սկսում մեր պատմությունը. դա բազմադարյա պատմություն է, որը զարգացնելու ենք:  Դուք գիտեք, որ Վրաստանն անցել է բարեփոխումների երկար ճանապարհ, և այդ ճանապարհը լի էր մարտահրավերներով: Մեր նոր ծրագրերը ևս պատվախնդրությամբ, ամբիցիայով լի են և աշխատում ենք նոր բարեփոխումների ուղղությամբ, և կարծում ենք` կհամագործակցենք այդ ուղղությամբ: Միջազգային ֆինանսական ինստիտուտները Վրաստանը դիտարկում են որպես բարեփոխիչ, և կարծում եմ` մեր փորձով կկիսվենք նաև ձեզ հետ, եթե անհրաժեշտ լինի:  Այսօր մեր առևտրաշրջանառությունը 400 մլն ԱՄՆ դոլար է կազմում, սակայն, կարծում եմ, որ դա բավարար չէ, ողջ ներուժն օգտագործված չէ: Կարծում եմ` այս ուղղությամբ կարևոր քայլեր կարելի է անել: Մենք առավելագույնս կողմնորոշված ենք, որ զարգացնենք մեր քաղաքական, տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում»:

Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Երկուստեք արձանագրելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս համատեքստում կողմերը կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը և պայմանավորվածություն ձեռք բերել` հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում: Անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ծավալին, որը կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ այդ ցուցանիշը բավարար չէ, և առկա է մեծ ներուժ` ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար: Մամուկ Բախտաձեն նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրաշրջանառության ծավալըը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար և առաջարկել ՀՀ վարչապետին` տնտեսական թիմերի առջև խնդիր դնել այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերհանելու և դրված նշաձողին հասնելու համար:  Նիկոլ Փաշինյանը և Մամուկ Բախտաձեն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը` տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ, որոնք, երկու երկրների վարչապետների կարծիքով, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապրանքաշրջանառության աճին և կայունության ապահովմանը: Զրուցակիցներն ընդգծել են նաև միջազգային կառույցներում ներգրավվածության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ միմյանց կենսական շահերի հստակ գիտակցմամբ ու հարգմամբ։  Հայ-վրացական հումանիտար կապերի սերտացման համատեքստում վարչապետներ Փաշինյանը և Բախտաձեն կարևորել են շարունակական համագործակցությունը մշակութային, կրթական կապերի ամրապնդման, երիտասարդների միջև փոխճանաչելիության բարձրացման ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ