28 08 2018

Սարգսյանն ու Բաբլոյանն արձանագրել են՝ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների մթնոլորտում

Սարգսյանն ու Բաբլոյանն արձանագրել են՝ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների մթնոլորտում

Օգոստոսի 28-ին կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով: Այս մասին հայտնում են ԱԺ Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Խորհրդարանի ղեկավարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների և քննարկումների մթնոլորտում:

Հանրապետության նախագահը, կարևորելով Սահմանադրության գերակայության հրամայականը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ, ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ