Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ:
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ։
Պետական և քաղաքական գործչի Ձեր ողջ հարուստ փորձը ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի շահերին վերաբերող հարցերին, և այս համատեքստում անվիճելի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Ձեր ջանքերը։
Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ներկապնակի հարստացման և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, հաստատել վստահության մթնոլորտ։
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը