20 09 2022

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

Սեպտեմբերի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. «Այս ուղղությամբ հակառակորդն իր  հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։

Մյուս ուղղություններում, առկա էր 5 ուղղություն, հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատվել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորությունների հետ։

Սակայն կան այլ ուղղություններում 1-1,5-2 կմ մխրճման խորություններ. Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն ձեռք է բերել Շորժայի ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ կես կիլոմետր խորությամբ հաջողություն է ունեցել»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ