Oգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ի՝ ժամը 22։00-ի դրությամբ, իրավիճակը հարաբերական կայուն է և գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության տակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը