23 05 2020

Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Արայիկ Հարությունյան

Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին:

Ուղերձում ասված է.

«Սիրելի ՛ շրջանավարտներ

Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է:

Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում  պետք է լինեք առաջատարը:

Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ:

Սիրելի՛ շրջանավարտներ

«Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ և ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ