Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ քննարկելու ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի ղեկավարությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու բուհական հնարավորությունները և առկա խնդիրները: Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել են ուսումնական գործընթացի կազմակերպման իրենց առաջարկներն ու մոտեցումները: Քննարկվել են ուսումնական ծրագրով նախատեսված ժամերը լրացնելու այլ տարբերակներ ևս, այդ թվում՝ աշխատել խտացված ծրագրով, ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ՝ դասախոսությունների տեսաձայնագրություններով, տեսական նյութերի ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային փոստերի միջոցով և այլն:
Այսպիսով, քննարկման արդյունքում, ղեկավարվելով «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի կանոնադրության 1.8 կետով և հիմք ընդունելով «Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի ընդհանուր ժողովի 2020 թ. մարտի 16-ի խորհրդակցությունը, որոշվել է.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը և ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարին պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ բուհեր) ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու և նոր ձևաչափով կազմակերպելու ուղղությամբ հետևյալ առաջարկով.
Պահպանելով արտակարգ դրության պահանջները՝ թույլատրել բուհերին
ա) ընթացիկ կիսամյակում դասավանդման և գիտելիքների ստուգման գործընթացները կազմակերպել ելնելով բուհի մասնագիտական ուղղվածությունից և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկու¬թյուն-ներից, հնարավորինս օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները` կրելով դրա արդյունքների ամբողջ պատասխանատվությունը,
բ) կատարել աշխատանքային օրերի տեղափոխություններ՝ պահպանելով աշխատակիցների աշխատավարձը և հանգստի իրավունքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը