ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։ Նիստում բացման խոսքով հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Փաշինյանն ասել է, որ բուհական ոլորտում մեր խնդիրները խորն են. «Հայաստանում գոյություն ունի 60 բուհ։ 60 բուհ նշանակում է 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան, 1000-ի մոտ դեկանի տեղակալ... Ոչ մի զարմանալի բան չկա, երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, մենք զգում ենք, որ որոշակի լարվածություններ են առաջանում, որովհետև մենք խոսում ենք հարյուրավոր, հազարավոր մարդկանց, իրենց տեսակետից, այդ կարգավիճակներից զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման ու զարգացման մասին է։
Եթե մենք Հայաստանի բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, այն ստանդարտները, որոնք գոյություն ունեմ ԵՄ-ում, ՀՀ-ում ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա։
Մենք այսօր չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի ու ստանա բուհական գործունեության լիցենզիա։
Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։ Պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական, գիտական համակարգի հետ, հանրության հետ։
Մենք ասում են՝ ի վերջո, երկարաժամկետում Երևանում ոչ մի բուհ պետք է չլինի, ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ պետք է չլինի, հայաստանյան բոլոր բուհերը՝ մասնավոր, թե պետական, պետք է գործեն միայն ակադեմիական քաղաքում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը