Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում հաստատվել են 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ ընդունելության անվճար (ուսման վճարի փոխհատուցմամբ) տեղերը:
Սահմանվել է, որ 2019/2020 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը վերաբաշխում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը` հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի եւ գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ 2019/2020 ուսումնական տարվա համար կառավարությունը հաստատել է 206 տեղ: Նշված տեղերից 82-ը հատկացվել է` հաշվի առնելով ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից հայտավորված եւ իրենց ոլորտների համար հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների թեմաները: Ակնկալվում է, որ հետագայում գիտական արդյունքի կիրառումը կարող է նպաստել տվյալ ոլորտի զարգացմանը:
Կառավարության նույն օրվա մեկ այլ որոշմամբ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը: Ելնելով բոլոր դիմորդների համար հավասար պայմանների ապահովման սկզբունքից` կատարվել է նոր կանոնակարգում բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների եւ դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկում: Սահմանվել է, որ բուհերի բոլոր մասնագիտությունների համար առնվազն մեկ առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելը պարտադիր է: Սահմանվել է նաեւ, որ գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար պետք է ապահովել ընդունելության միեւնույն պայմանները: Մասնավորապես, բժշկական մասնագիտությունների ու «Ֆարմացիա» մասնագիտության ընդունելության քննություններն 2020/2021 ուսումնական տարվա համար նույնն են` անկախ բուհի կազմակերպաիրավական ձեւից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը