ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երեւանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր:
Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում է տրվել միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին եւ օտարերկրացիներին, ապա ներկայում կեցության վճարի 100% զեղչ տրվում է՝
1) միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի)
2) երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին
3) հաշմանդամության առաջին եւ երկրորդ կարգ ունեցող ուսանողներին
Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝
1) միակողմանի ծնողազուրկ ուսանողներին
2) սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 30 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամ հանդիսացող ուսանողներին
3) հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին
4) 2016 թվականի ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին:
Նշված զեղչերից տարբերվող կամ այդ կետում նշված խբերում չներառված անձանց համար զեղչեր կարող են տրամադրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի միջնորդությամբ։
Նշենք, որ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ Երեւան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ եւ օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաեւ միջպետական համաձայնագրով բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստացող ուսանողները։
Բացի այդ, սույն կարգով առավել թափանցիկ է դարձել ուսանողների գրանցման կարգը, ինչպես նաեւ մեծացել է սոցիալական ծրագրի հասանելիությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը