07 02 2019

Պետք է հստակ սահմանվի` ով է գիտության պատասխանատուն այս երկրում. Սամվել Հարությունյան

Պետք է հստակ սահմանվի` ով է գիտության պատասխանատուն այս երկրում. Սամվել Հարությունյան

Հայաստանում գիտության ոլորտում գիտաշխատողների թվաքանակի կրճատում չի նախատեսվում: Այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Սամվել Հարությունյանը:

«Մենք այսօր ունենք գիտության ծերացման խնդիր: Ոլորտում աշխատող 65-ից բարձր տարիքով գիտնականների թիվը կազմում է ընդհանուրի 25 տոկոսը: Այդ տարիքի գիտնականների թիվը գնալով պակասում է: 10 տարի հետո սովետական ժամանակներից եկած կադրերը էլ չեն լինի, բայց եղած բացը շատ քիչ է լրացվում: Ավելին՝ մենք այսօր լուրջ խնդիր ունենք 35-55 տարեկան գիտնականների թվաքանակի հետ կապված, այստեղ խոր անկում է: Դրա համար մենք ակտիվորեն աշխատելու ենք, որպեսզի երիտասարդ կադրերը խրախուսվեն, նոր, հետաքրքրիր պայմաններ լինեն իրենց համար»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Գիտության կոմիտեում գրանցված 6 հազար 200 անձից, 4 հազար 500-ը ծրագրերում աշխատող գիտնականներ են: Դա, ըստ Սամվել Հարությունյանի, բավական փոքր թիվ է:

Ինչ վերաբերում է բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման խնդրահարույց հարցին, ապա Սամվել Հարությունյանը նշեց, որ կառավարությունը շատ արագ արձագանքել է, և դեռ դեկտեմբերից այդ հարցը կարգավորվում էր:

«Բուհերից, չգիտես ինչու, ԵՊՀ-ն միայն որոշեց աշխատողներին ծանուցում ուղարկել, դա այն դեպքում, որ մենք վստահեցրել ենք խնդիրը լուծվելու է կարճ ժամկետում: Ի դեպ, ԵՊՀ-ն բազային ֆինանսավորման ցանկում երրորդ տեղում է»,-ասաց Սամվել Հարությունյանը:

Սամվել Հարությունյանը ներկայացրեց նաև գերատեսչության առաջիկա 5 տարիների ռազմավարական պլանը: Ըստ այդ փաստաթղթի` առաջիկա 5 տարում գիտությունը պետք է թռիչքաձև վերելք ապրի:

Գիտպետկոմն իր վերադաս նախարարության հետ համատեղ օրենսդրական նոր փաթեթ է նախաձեռնում, որը պետք է կարգավորի բազային հիմունքներով հիմնադրամների ֆիանսավորումը:

«Պատրաստում ենք նոր` ռեյտինգային ֆինանսավորման կարգ, այն արդեն պատրաստ է, ու մոտ ժամանակներս մեր կայքում կտեղադրենք: Նախագիծը գիտնականների շրջանում լայն քննարկում անցնելուց հետո նոր միայն կառավարության հաստատմանը կներկայացվի»,- ասաց նա:

Բանախոսը մտահոգություն հայտնեց, որ գիտության պատասխանատու ոլորտները բազմազան են, ու երբ հարցեր են առաջանում, կառավարությունը չի կարողանում կողմնորոշվել, թե ում պետք է հարցում ուղարկի` կարծիք իմանալու համար: «Պետք է հստակ սահմանվի` ով է գիտության պատասխանատուն այս երկրում, և հետո նոր պահանջներ ներկայացվեն: Բացի այդ` ոլորտային խնդիրները պետք է ոլորտային նախարարության կողմից ներկայացվեն, այլ ոչ թե` ֆինանսների նախարարության»,- ընդգծեց Գիտպետկոմի ղեկավարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ