29 07 2024

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է հրատարակել բազմաթիվ սխալներով լեցուն այս գիրքը. Սերոբ Խաչատրյան

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է հրատարակել բազմաթիվ սխալներով լեցուն այս գիրքը. Սերոբ Խաչատրյան

 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ահազանգում է.

«Հայաստանի լավագույն փիլիսոփաներից մեկը՝ Արշակ Բալայանը, որը եղել է «Հասարակագիտություն-8» մասնագիտական հանձնաժողովի անդամ, ներկայացնում է հաղթած դասագրքերից մեկի սխալների մի մասը։ ԿԳՄՍ նախարարություն, դուք դեռ ժամանակ ունեք սթափ որոշում կայացնելու։ Եղել են դասագրքերը տպարանից հետ կանչելու դեպքեր, եղել են դասագրքերի ուշացումներ։ Օրինակ՝ Շախմատ-2 դասագիրքը անցած տարի դպրոց է հասել դեկտեմբերի վերջին։ Սա սովորական գրքի մրցույթ չէ, սա դպրոցական դասագրքերի մրցույթ է։ Դասագրքի շահառուները 100 հազարավոր երեխաներ են։ Այստեղ պետք է լինել ծայրաստիճան զգոն և զգույշ։ Հանձնաժողովն է որոշում, բայց դուք եք կրում որոշման ողջ պատասխանատվությունը։ Իսկ հիմա կարդացեք Արշակ Բալայանի վերլուծությունը։

Ֆեյսբուքյան ակտիվիստ դառնալու նպատակ և ցանկություն չունեմ։ Բայց պարտավորված եմ զգում 8-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի համար ԿԳՄՍ կողմից վերջերս երաշխավորված գրքերից մեկի մասին կարծիքս ավելի հրապարակային դարձնել։ Գրքի հեղինակներին չեմ նշի, գրքի հղումն այստեղ չեմ դնի։ Բայց բոլոր հետաքրքրվողները շատ արագ կարող են պարզել, թե երաշխավորված երկու գրքերից որի մասին է խոսքս։

Հեղինակների դեմ ոչինչ չունեմ։ Այս փորձանքի համար պետք է ԿԳՄՍ-ն և այս գիրքը երաշխավորող երկրորդ հանձնաժողովի (իրականում չեմ հավատում, որ նման հանձնաժողով եղել է) անդամները պատասխանեն։

Սերոբ Խաչատրյանի կողմից վարը ներկայացրածը միակ սխալը չէ։ Գրքում կոպիտ սխալները շատ են։

Նախ, շարադրանքի լեզուն թերի է։ Գրքում կան ուղղագրական, կենտադրական և շարահյուսական սխալներ։ Բայց գրքի հիմնական թերությունը բովանդակային սխալներն են։
Ներկայացնեմ ընդամենը 10 օրինակ.

էջ 5-ում գրված է հետևյալ նախադասությունը. «Օգտագործիր շաղկապներ՝ որպեսզի, որովհետև, պատճառով»։ Այսպիսով գիրքը երաշխավորողները համարում են, որ «պատճառով» բառը շաղկապ է։

  1. Ժողովրդավարությանը նվիրված բաժիններից մեկում՝ 1.2 կետում (էջ 15) գրված է.
    «Այդ դեպքերում հաղթում է մեծամասնության ձայնը, իսկ որոշման հետ անհամաձայն փոքրամասնությունն ազատորեն արտահայտում է իր կարծիքը, սակայն արդյունքում նրանց տեսակետը պարտություն է կրում։ Սա համարվում է ժողովրդավարության հիմնական թերություններից մեկը»։

Սա փաստական սխալ է։ Ոչ մի առանցքային հեղինակ (Ռուսո, Դյուի, Հաբերմաս, Ռոլս, Դալ, Ֆիշկին, Քրիստիանո և այլն, և այլն) «ժողովրդավարության հիմնական թերություն» չի համարում այն, որ փոքրամասնությունն ազատորեն իր կարծիքն արտահայտում է, կամ որ փոքրամասնության կարծիքը «պարտություն է կրում»։

  1. էջ 19-ում՝ Տ1-բաժնում թվարկված է արդարության մի քանի տեսակ. «դատական արդարություն կամ արդարադատություն», «սոցիալական արդարություն», «տարածական արդարություն» և «միջավայրային արդարություն կամ էկո-արդարություն»։ Սրանք ներկայացված են որպես արդարության ամենակարևոր տեսակներ։

ա/ Մինչև բուն տեսակներին անդրադառնալը կարևոր է նշել, որ այստեղ արդարություն հասկացության ծավալը սխալ է բաժանված՝ խախտվել է հասկացության բաժանման հիմքը։ Սրանով իսկ խախտվել է այսօր բարոյագետների շրջանում ընդունված դասակարգումը։ Այս հանգամանքն ակնհայտ է, օրինակ նրանից, որ այն ինչ հեղինակներն անվանում են «տարածական արդարություն», ըստ բազմաթիվ հետազոտողների՝ սոցիալական արդարության բնագավառ է։

բ/ Որպես արդարության առաջին տեսակ հեղինակները նշում են «Դատական արդարություն կամ արդարադատություն»-ը։ Սա սխալ է։ Արդարադատությունը և այն ինչ հեղինակներն անվանում են «դատական արդարություն» նույնը չեն։ Արդարադատությունը կոնկրետ սոցիալ-քաղաքական գործընթաց է։ Սա արդարության տեսակ չէ և այստեղ դրա մասին չպետք է խոսեին։

գ/ Երկրորդ, գրքում «դատական արդարության» մասին ասվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ խոսքը պատժի կամ ուղղման արդարության մասին։ Պարզ չէ, թե ինչու են հեղինակները հենց այդ եզրույթն օգտագործում։ Պետք էր կիրառել լայնորեն ընդունված եզրույթը։

դ/ Վերջապես, գրքի նշված հատվածում այսպես կոչված «Միջավայրային արդարության » մասին գրված է. «Միջավայրային արդարություն կամ էկո-արդարություն։ Սոցիալական շարժում ուղղված վերացնելու բնապահպանության ոլորտում անարդարությունը, որ տեղի է ունենում, երբ աղքատ համայանքները վնաս են կրում վտանգավոր թափոնների, ռեսուրսների արդյունահանման և այլ հողօգտագործման հետևանքով, որոնցից նրանք օգուտ չեն ստանում»։

Այստեղ ակնհայտ են շարահյուսական սխալները։ Բայց կարևոր են նաև բովանդակային հարցերը։ Ասվածից բխում է, որ միջավայրային արդարությունն ինչ-որ «շարժում» է։ Այո, փաստորեն կան մարդիկ, ովքեր կարծում են, թե որոշ շարժումներ արդարության տեսակ են։ Սա, անշուշտ, սխալ է։ Ավելի մանրամասն կնշեի այս սահմանման թերությունները, եթե սարսափով չբացահայտեի, որ Վիկիպեդիայի համանուն հոդվածի (փնտրենք անգլերեն Environmental Justice հոդվածը) առաջին նախադասության թարգմանությունն է։ Դժվար է հավատալ, բայց ԿԳՄՍ-ն հավատացնում է, թե գտել է այնպիսի փորձագետ, որն այստեղ խնդիր չի տեսել։

  1. էջ 26-ում հեղինակները գրում են.
    «Քաղաքացիական անհնազանդությունը վաղուց համարվում է հիմնական մեխանիզմ, որի միջոցով ժողովրդավար քաղաքացիները կարող են օրինական կերպով նպաստել իրենց հասարակության մեջ քաղաքական արդարությանը»։

Սա կոպտագույն սխալ է։ Քաղաքացիական անհնազանդությունն ըստ սահմանման ապօրինի է։

  1. Էջ 65-ում և ընդհանրապես Գլուխ 3-ում, «մասնակի» բառը պետք է փոխարինել «մասնավոր»-ով։ ՀՀ-ում գիտական համայնքը միանգամայն հիմնավոր կերպով օգտագործում է հենց «մասնավոր» բառը (Տե՛ս օրինակ, Բրուտյան, Տրամաբանության դասընթաց, ԵՊՀ հրատ., 1976 թ.։ Տե՛ս նաև Գևորգյան, Բաղդասարյան, Տրամաբանություն, Էդիթ պրինտ, 2015 թ.)։
  2. էջ 66-ի ներքևի հատվածում հեղինակները «դատողություն» հասկացությունը սահմանում են հետևյալ կերպ.

«Դատողությունը մտածողության որոշակի ձև է, որն օգտագործում է տրամաբանական քայլեր, տեղեկատվություն ու գիտելիք, որպեսզի կատարի եզրահանգումներ, կայացնի որոշումներ։ Այսինքն՝ դատողությունը մտածողության կարգավորված ձև է, որի նպատակը տարբեր տեսակի խնդիրներ լուծելն է»։

Սահմանումը ծայրից ծայր սխալ է։ Դատողությունը մտքի ձև է (կամ, եթե «մտածողություն»- բառն եք գերադասում, միգուցե ասենք «մտածողության կառուցվածքային ձև է»), որն ինչ-որ բան է հաստատում կամ ժխտում։ Օրինակ՝«Որոշ պաշտոնյաներ կաշառակեր են»-ը դատողություն է։ Ի՞նչ տրամաբանական քայլերի մասին է խոսքը։ Ի՞նչ որոշումների մասին է խոսքը։
66-75 էջերի բազմաթիվ դրվագներում հեղինակները սխալ են կիրառում «դատողություն» տերմինը։

  1. Խնդիրը միայն այն չէ, որ հեղինակները որոշել են «դատողություն» տերմինը կիրառել մասնագետների նախընտրածից տարբերվող իմաստով։ Դպրոցական դասագրքի համար նույնիսկ սա կլիներ անընդունելի, բայց այստեղ մենք գործ ունենք ավելի մեծ խնդրի հետ։ Բանն այն է, որ հեղինակները «դատողություն» բառն օգտագործում են մեկից ավելի իմաստներով։
    Սա պարզ է դառնում, օրինակ, էջ 73-ից։ Այնտեղ (դեղին հատվածում) գրված է. �«Ինդուկտիվ դատողությունը կամ մտահանգումը սկսվում է մի խումբ նախադրյալներից, որոնք փորձի, դիտարկումների արդյունք են։ Այն օգտագործում է այդ նախադրյալները՝ հանգելու որոշակի ընդհանրացված եզրակացության»։

Նախ, եթե առաջնորդվենք հայ մասնագետների շրջանում ընդունված տերմինաբանությամբ, «ինդուկտիվ դատողություն» ինչպես նաև «դեդուկտիվ դատողություն» (Տե՛ս 9-րդ կետը) բառակապակցություններն անհեթեթ են: Սրանք կատեգորիալ սխալի (category mistake) դասական օրինակներ են և հուշում են, որ գիրքը «փորձաքննող» երկրորդ հանձնաժողովը (թող ինձ ներվի, բայց չեմ հավատում, որ երկրորդ հանձնաժողով եղել է) չի հասկացել թե ինչ է անում։

Ոչ մասնագետների համար ներկայացնեմ օրինակներ, որպեսզի պարզ լինի թե ինչ մասշտաբի սխալի հետ գործ ունենք։ Դատողությունը չի կարող լինել ինդուկտիվ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, շրջանագիծը չի կարող ունենալ ջերմաստիճան, կամ օրինակ, ինչպես ծառը չի կարող լինել բարդ ստորադասական։ Պատկերացրեք կեսնաբանության դասագրքում գրված է. «Սեկվոյան բարդ ստորադասական ծառ է»։ Զավեշտալի՞ է։ Հենց այսպիսի մի սխալ է տեղ գտել հասարակագիտության դասագրքում։

Վերադառնանք մեջբերված նախադասությանը։ Այս նախադասությունից պարզ է, որ ըստ հեղինակների՝ այն, ինչ իրենք անվանում են «ինդուկտիվ դատողություն» մտահանգման տեսակ է (Հակառակ դեպքում անթույլատրելի կլիներ «ինդուկտիվ դատողությունը կամ մտահանգումը» ձևակերպումը)։ Բայց հենց նույն էջում՝ էջ 73-ի վերևի հատվածում հեղինակները գրում են. «Մտահանգումը մեկ կամ մի քանի դատողությունից տրամաբանորեն նոր դատողություն հանելու ընթացքը և դրա արդյունքն է»։

Ստացվում է, որ ըստ այս գիրքը երաշխավորողների՝ մտահանգումը և՛ դատողություն է, և՛ մեկ կամ մի քանի դատողությունից տրամաբանորեն նոր դատողություն հանելու ընթացք»։ Այո, եթե սեկվոյայի օրինակը բավարար չէր, սա էլ նկատենք՝ ըստ ՀՀ ԿԳՍՄ-ի կան դատողություններ, որոնք տրամաբանորեն նոր դատողություն հանելու ընթացք են։

  1. էջ 70-ում (էջի վերևի դեղին հատվածում) հեղինակները գրում են. «Կարծիքը սուբյեկտիվ դատողություն է, որ չի կարող ապացուցվել կամ ստուգվել։ Այն հիմնված է մարդու անձնական փորձի, տեսակետի ու համոզմունքների վրա։

Երբ հեռուստատեսային լուրերում մեզ հայտնում են՝ «Խորհրդարանում ընդունված նոր օրենքը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա», մենք հասկանում ենք, որ դա ընդամենը կարծիք է, քանի որ հիմնվում է ինչ-որ մարդկանց համոզմունքի վրա»։

Նախ, նկատենք, որ այստեղ «դատողություն» ասելով նկատի ունեն պնդում (սա մոտ է մասնագետների կողմից ընդունված ընկալմանը) և ոչ թե մտահանգում կամ «մտածողության որոշակի ձև […], որն օգտագործում է տրամաբանական քայլեր …» (էջ 66)։

Երկրորդ, ներկայացված օրինակը խնդրահարույց է. շատ հաճախ կարելի է ստուգել, թե արդյոք տվյալ օրենքը դրականապես կազդի երկրի տնտեսության վրա։

Երրորդ, պարզապես անհեթեթ է կարծիքը սահմանել որպես «սուբյեկտիվ դատողություն, որն անհնար է ստուգել»։ Շատ կարծիքներ հնարավոր է և՛ ստուգել, և՛ ապացուցել։ Օրինակ՝ Կիրակոսի այն կարծիքը, թե եռանկյան ներքին անկյունների գումարը հավասար է 180 աստիճանի, կարելի է և՛ ստուգել, և՛ ապացուցել։

  1. էջ 72-ում հեղինակները գրում են.
    «Ինդուկտիվ դատողությունը, որը նաև կոչվում է ինդուկցիա, հասնում է ընդհանուր եզրահանգման մասնակի տվյալների ու դիտարկումների հիման վրա։ Դեդուկտիվ դատողությունը, որը նաև կոչվում է դեդուկցիա, ընդհակառակը, հասնում է մասնակի եզրահանգման՝ ելնելով ընդհանուր նախադրյալներից»։

«Մասնակի»-ի մասին արդեն ասվեց։

Այստեղ ակնհայտ է, որ «ինդուկտիվ դատողություն» ասելով նկատի ունեն «ինդուկտիվ մտահանգում», իսկ «դեդուկտիվ դատողություն» ասելով «դեդուկտիվ մտահանգում»՝ «դատողություն»-ը կիրառում են «մտահանգում» իմաստով։ Սա սխալ է։
«Եզրահանգում» բառը պետք է փոխարինել «եզրակացություն»-ով. սա՛ է մասնագետների կիրառած տերմինը։

  1. էջ 74 -ում հեղինակները շփոթել են մտահանգումը և եզրակացությունը։ Նրանք գրում են. «Բայց եթե նույնիսկ բոլոր նախնական տվյալները ճիշտ են, միշտ հնարավոր է, որ ինդուկտիվ դատողությամբ ձեռք բերված մտահանգումը լինի թերի կամ սխալ» (էջ 73-74)։

Ակադեմիկոս Գ.Ա. Բրուտյանը «մտահանգումը» սահմանում է հետևյալ կերպ. «Մտահանգումը մտքի այնպիսի ձև է, որտեղ մեկ կամ մի քանի դատողություններից բխեցնում ենք մի նոր դատողություն» (Բրուտյան, Տրամաբանության դասընթաց, ԵՊՀ հրատ., 1976 թ., էջ 154)։ Մոտավորապես նույն սահմանումն են տալիս ակադեմիկոս Հ. Ա. Գևորգյանը և Վ.Խ. Բաղդասարյանը (Գևորգյան, Բաղդասարյան, Տրամաբանություն, Էդիթ պրինտ, 2015 թ., էջ 107)։
Արդեն ասացինք, որ չի կարող լինել «ինդուկտիվ դատողություն»։ «… դատողությամբ ձեռք բերված մտահանգումը»-ը նոնսենս է։

… ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է հրատարակել վերը ներկայացված և բազմաթիվ այլ սխալներով լեցուն այս գիրքը։ Ինչու՞։ Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ «… որովհետև արդեն սկսել են հրատարակման գործընթացը» …

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ