26 07 2024

Հայաստանի որոշ դպրոցներում մի բան են սովորեցնելու, մյուսներում այլ բան. Կրթության փորձագետ

Հայաստանի որոշ դպրոցներում մի բան են սովորեցնելու, մյուսներում այլ բան. Կրթության փորձագետ

Մի քանի օր առաջ գրել էի, որ հաղթած դասագրքերին ծանոթանալուց հետո դիմեցի ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին՝ խնդրելով կարճ ժամանակով ինձ ընդունել։ Ես ցանկանում էի փոխնախարարի սեղանին դնել մասնագիտական կոպիտ սխալներ, որոնք առկա են հատկապես հաղթած դասագրքերից մեկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե տիկին Սվաջյանն ինձ չէր վստահում, կարող էր այդ հանդիպմանը հրավիրել չեզոք մասնագետի։ Բայց տիկին Սվաջյանը չպատասխանեց իմ խնդրանքին, այսինքն՝ մերժեց։ Դրանից հետո ես ստեղծեցի Ֆեյսբուկյան խումբ, ուր հրավիրեցի մրցակից դասագրքերի այն հեղինակներին, որոնք իմ ընկերներն են։ Արձագանքեցին 2 հոգի Զանգակի խմբից, 1 հոգի՝ Մասնակցային դպրոցից։ Բայց քանի որ նրանք առանցքային հեղինակները չէին, ես հասկացա, որ խմբերի ղեկավարների համար թեման փակ է, քանի որ իրենք հաղթել են։

Ինչպես գիտեք, հուլիսի 24-ին նախարարությունը մերժեց լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու մեր խնդրանքը, քանի որ դասագրքերն արդեն տպվում են։ Ստիպված եմ այս հարթակում անդրադառնալ Մասնակցային դպրոցի դասագրքում առկա սխալներից մեկին։ Փիլիսոփայության և տրամաբանության հարգելի մասնագետներ, ուսանողներ։

Ստորև տեսեք Մասնակցային դպրոցի գրքում ինչպես է սահմանված «Դատողություն» հասկացությունը։ Սահմանումը ոչ միայն սխալ է, այլև տպավորություն է, որ դատողությունը մարդ է, որը եզրահանգումներ է անում, որոշումներ կայացնում, խնդիրներ լուծում։ Ենթադրում եմ, որ հեղինակները անգլերեն reasoning բառը որոշել են թարգմանել դատողություն։ Մինչդեռ անգլիալեզու գրականություն մեջ դատողությունը statement-ն է կամ proposition-ը (տարբեր գրքերում փոխարինաբար օգտագործվում են)։

Գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է։ Ո՞ւր եք կրկնակի փորձաքննություն արած հանձնաժողովի անդամներ։ Գլխավոր պատասխանատուն դուք եք, ոչ թե հեղինակները։ Նախարարությունն ինձ չի վստահում, ձեզ է վստահում։ էս ի՞նչ ավեր եք բերում։ Ի դեպ, Զանգակի դասագրքում սահմանումը ճիշտ է տրված, քանի որ թիմում կա փիլիսոփայության մասնագետ։ Ու հիմա Հայաստանի որոշ դպրոցներում մի բան են սովորեցնելու, մյուսներում այլ բան։

Հարգելի փիլիսոփաներ, ուսանողներ։ Դե հիմա պաշտպանեք ձեր մասնագիտությունը։ Հիշեցնեմ, որ այս սահմանումները վերցված են մրցույթում հաղթած, լրամշակված և Ժաննա Անդրեասյանի կողմից երաշխավորված դասագրքից։ Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ