22 07 2020

Ստեղծված իրավիճակում լուծումը լրացուցիչ տեղերն ավելացնելն է. Սերոբ Խաչատրյան

Ստեղծված իրավիճակում լուծումը լրացուցիչ տեղերն ավելացնելն է. Սերոբ Խաչատրյան

 

Շուրջ երկու օր է, ինչ ԲՈՒՀ չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում ԳԹԿ-ի և Ազգային ժողովի մոտ: Նրանք բողոքում են նոր համակարգի ներդրումից, որի պատճառով անցողիկ և միջին միավորներով դիմորդները դուրս են մնացել ԲՈՒՀ-երից: Նրանց պահանջն է թույլ տալ ուսանողներին գոնե իրենց գրված 8 հայտերից որևէ մեկով ընդունվել համալսարան:

Այս խնդրի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից: Նրա խոսքով՝ նոր համակարգն ամբողջությամբ այս տարի է գործարկվել, նախկինում միայ պետպատվերով տեղերի համար էր գործում: Այս անգամ նախարարությունը որոշել է, որ մասնագիտական կողմնորոշումն է կարևոր:

«Համակարգն ընդունել է բոլոր դրական ստացած դիմորդներին և եթե մնացել է թափուր տեղ, նոր ընդունել է 2-րդ, 3-րդ, 4-րդ հայտերով դիմումները: Եվ, փաստորեն հնարավոր է այս համակարգի դեպքում, որ այո, բարձր գնահատական ստացած դիմորդը դուրս մնա: Այս համակարգը առաջնահերթ ընդունում է առաջին հայտով դիմածներին: Այս տարվա համար մի քիչ դաժան ստացվեց, մյուս պատճառն էլ այն է, որ թվանշանները բարձր են, անցած տարի օրինակ Հայոց պատմությունից այսպիսի բարձր արդյունքներ չեն եղել: Մի հիմնավորում կա, որ քանի որ մի առարկա է, լավ են պարապել, բայց ամեն դեպքում կասկածելի է, որ օրինակ իրավաբանականում 150 հոգի 19 կամ 20 ստանա»,-ասաց փորձագետը:

Հարցին, թե որքանով է նորմալ, որ օրինակ 7.5 միավոր ստացածուսանողը ընդունվում է համալսարան, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ վերջին երկու տարիներին այդպես է եղել, քանի որ դիմորդներ չկային:

«Ամեն դեպքում նախարարությունը պետք է հաշվարկվեր ռիսկերը, եթե տեղերը մի քիչ ավելացնեին, այսպես գուցե չլիներ, երբ տեսան, որ դիմողները շատ են, պետք է ավելացներ տեղերը:

Ստեղծված իրավիճակում լուծումը լրացուցիչ տեղերն ավելացնելն է, բայց վիճակագրության իհարկե, չեմ տիրապետում, եթե դուրս մնացած ուսանողները շատ լինեն, բնականաբար, այդքան հավելյալ տեղ հնարավոր չի լինի ավելացնել»,-եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ