Սույն թվականի ապրիլի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովն ընդունեց որոշում «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին»։
Որոշման մեջ նշված է․
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդլայնված ընդհանուր ժողովը
- քննարկելով ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհեր) խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների փոխգործակցության հնարավորությունների հարցը,
- ենթադրելով, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի ներդրումը կնպաստի ՀՀ-ում բուհական կրթության արդիականացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը,
- հաշվի առնելով ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների առաջարկությունները պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի վերաբերյալ,
- հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի փուլը, տասնամյակներով ձևավորված և արդեն իսկ կայացած ավանդույթների ու միջազգային ճանաչում ունեցող գիտական դպրոցների պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը,
- հաշվի առնելով գործընթացի մասնակիցների/շահառուների լիարժեք համաձայնության բացակայությունը,
- հիմք ընդունելով գիտական և գիտակրթական բնագավառների կազմակերպման համաշխարհային փորձը՝
համարում է՝
- տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ,
- անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով,
- անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր,
- ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը,
- նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին:
«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գիտության և կրթության ինտեգրման առավել արդյունավետ և քիչ ռիսկային ու իրատեսական տարբերակն է.
Ինտեգրման վերը հիշատակված տարբերակը հնարավորություն կտա գիտական և գիտակրթական բնագավառներում ապահովել և՛ կազմակերպման ձևերի բազմազանություն, և՛ գիտատեխնոլոգիական առաջընթացի զարգացման համար անհրաժեշտ մրցակցային պայմաններ։
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համագործակցությունը հնարավոր է կազմակերպել/իրականացնել ինտեգրման հետևյալ գործառույթների շրջանակում`
Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից չափանիշներին համապատասխան բուհեր ձևավորելու/հիմնադրելու միջոցառումները պետք է մի կողմից միտված լինեն նոր ձևավորվող բուհերում ժամանակակից գիտահետազոտական միջավայր ապահովելուն ու գիտության արդի պահանջներին համապատասխան գիտակրթական գործառույթներ կազմակերպելուն («research-based education»՝ հետազոտությունների վրա հիմնված կրթություն), մյուս կողմից պետք է պահպանվեն ու զարգացվեն Հայաստանի գիտական ավանդույթները և նպաստեն միջազգային գիտական/գիտատեխնիկական տարածքում մեր գիտական կազմակերպությունների ձեռքբերումների և ուրույն տեղի պահպանմանն ու զարգացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով:
Ակնկալում ենք պատկան մարմինների գործուն աջակցությունը՝ ԳԱԱ կառուցվածքի ու կառավարման մեխանիզմների արդիականացմանը և գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ԳԱԱ առաջարկներին ընթացք տալու հարցում»։
Որոշումը դրվել է շրջանառության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը