Նույնիսկ Խորհրդային Միության ռեպրեսիաների ժամանակ սովետական իշխանությունից երբեք չէիք լսի, որ ռեպրեսիաներ են իրականացնում, բայց բոլորը հասկանում էին, որ իրականացվում են ռեպրեսիաներ: Սա այդ դեպքերից մեկն է: Ցավով պետք է նշեմ, որ ԲԴԽ-ն, որը Սահմանադրությամբ օժտված է այնպիսի կարգավիճակով, որ պաշտպանի դատավորներին, երաշխավորի դատավորների անկախությունը, իրականում հակառակն է անում: Միաձայն որոշել է, որ դատավորին թող հետապնդեն, թող տանեն, կալանավորեն, բայց նույն ԲԴԽ 9 անդամների մոտ հարց չի առաջանո՞ւմ, որ դատավոր Բորիս Բախշիյանին հիշել են հենց հիմա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ցանկացած անաչառ դիտորդ, եթե այս ամենը տեսնի, կարո՞ղ է ենթադրել, կամ համոզված լինել դրանում, որ այստեղ ոչ մի պատահականություն չկա: Այն, որ հիմա են հետապնդում սկսել, բացառապես պայմանավորված է նրանով, որ կոնկրետ այս դատավորը վերջին ժամանակահատվածում ցուցաբերել է իրական անկախությունը: Կարծես Աշոտ Երկաթի գործը համբերության բաժակը լցվելու փուլն էր»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը