ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ստեղծված է խիստ մտահոգիչ վիճակ է` կապված ԴատաԼեքս էլէկտրոնային տեղեկատվական համակարգի հետ. տևական ժամանակ է, ինչ այդ համակարգում տվյալներ չեն մուտքագրվում:
ԴատաԼեքս համակարգում տվյալներ չհրապարակելը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության մարդու իրավունքների խախտումներ առաջացնող արատավոր պրակտիկան:
Հարցն այն է, որ ԴատաԼեքսը կարևոր է ոչ միայն նրանով, որ հանրությանը հասանելի են դարձվում դատական գործընթացների մասին տվյալներ, այլ նաև այն տեսանկյունից, որ դա կարևոր միջոց է դատարանների նկատմամբ հանրային վերահսկողության համար:
Մասնավորապես, ԴատաԼեքսը և գործերի «ձեռքով» մակագրության հետ կապված ահազանգերը պետք է դիտարկել միասնական կապի մեջ: ԴատաԼեքսում գրառումների բացակայությունը հնարավորություն չի տալիս Մարդու իրավունքների պաշտպանին, փաստաբաններին, դատավարության մասնակիցներին կամ հանրությանը՝ յուրաքանչյուրին իր իրավական հնարավարության սահմաններում, վերահսկել՝ արդյոք դատական կազմերի դատավորները ընտրվում կամ կոնկրետ դատավորներին գործերը մակագրվում են խախտումներով կամ ինչ վտանգավոր հետևանքների են առաջ գալիս մարդու համար:
ԴատաԼեքսում տվյալներ չմուտքագրելը լրացուցիչ քաշքշուկներ է առաջացնում, հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ԴատաԼեքսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համակարգում վարչական գործերով տվյալներ չկան 2021 թվականի դեկտեմբերի 10-ից, քրեական գործերով՝ դեկտեմբերի 23-ից, քաղաքացիական, սնանկության գործերով և վճարման կարգադրություններով՝ դեկտեմբերի 24-ից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փաստաբաններն ու դատական գործընթացների մասնակից քաղաքացիները դիմում են ահազանգերով այն մասին, որ չեն կարողանում ԴատաԼեքսում գտնել իրենց գործերի վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես, հասանելի չեն տվյալներ, թե որ դատավորին ինչ գործ է մակագրվել, ինչ պահանջ է ներկայացված, ինչ միջանկյալ ակտ է կայացրել դատարանը (օրինակ՝ դատարանը վարույթ է ընդունել, թե վերադարձրել է, հայցի ապահովման միջոց կիրառվել է, թե ոչ) և այլն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող ահազանգերն այն մասին են, որ մարդիկ, իրենց գործի տվյալները չգտնելով էլէկտրոնային համակարգում, ստիպված են զանգել դատավորների կամ դատարանների աշխատակազմեր: Բայց դատարանների ծանրաբեռնվածության պատճառով ընկնում են քաշքշուկների մեջ, պատասխաններ են ստանում կա՛մ մեծ դժվարությամբ, կա՛մ հեռախոսազանգերին չի լինում պատասխան առհասարակ:
Կան դեպքեր, երբ մի ողջ օր դատարաններում կարող են մարդուն մի զանգից մյուսն ուղղորդելով՝ այդպես էլ պատասխան չտալ:
Տվյալների ստացման լուրջ դժվարությունների առաջ են կանգնել փաստաբանները:
Այս վիճակը խախտում է նաև մարդու բողոքարկման իրավունքը:
Օրինակ՝ վարչական դատավարության շրջանակներում գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակելու օրվանից 15 օր հետո, և հետևաբար՝ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև 15-օրյա ժամկետը լրանալը:
Մի շարք փաստաբաններ տեղեկություններ են ներկայացրել այն մասին, որ ԴատաԼեքս համակարգում նշված ընթացակարգով գործերի դեպքում դատարանի ակտը չի հրապարկվում և իրենք կանգնում են խնդրի առաջ:
Ասենք, դատարանի վճիռը պետք է ԴատաԼեքսում (օրենքի ձևակերպումը՝ «դատական իշխանության պաշտոնական կայք») հրապարակվի դեկտեմբերի 15-ին և 15 օր հետո մտնի ուժի մեջ, բայց այդպես էլ չի հրապարակվում: Արդյունքում՝ փաստացի անցնում են բողոքարկման ժամկետները, և մարդիկ կանգնում են լուրջ ռիսկերի առաջ: Մտավախությունն այն է, որ նշված դատական ակտը ԴատաԼեքսում փաստացի կհրապարակվի, օրինակ, հունվարի 21-ին, բայց դատական ակտի հրապարակման օր ԴատաԼեքսում կնշվի դեկտեմբերի 15-ը, և մարդը կզրկվի վերաքննիչ բողոք բերելու հնարավորությունից, քանի որ այնպես է ստացվում, որ բողոքարկման ժամկետը բաց է թողել:
Այստեղ առաջանում է հարց՝ ինչպես է մարդն ապացուցելու, որ ժամկետը բաց է թողել ոչ թե իր մեղքով, այլ այն պատճառով, որ դատական իշխանության մարմինը դատական ակտը ժամանակին չի հրապարակել: Անգամ եթե մարդն ամեն դեպքում վերաքննիչ բողոքը տանի ու բողոքում միջնորդությամբ նշի, որ վճիռը ժամկետից ուշ է բողոքարկում, քանի որ ԴատաԼեքսում այն ուշ է հրապարակվել, ապա մեծ է ռիկսը, որ Վերաքննիչ վարչական դատարանը կմերժի բողոքը, իսկ մարդը չի էլ կարողանա հակառակն ապացուցել:
Այսինքն՝ պետությունն իր անգործության կամ թերությունների պատճառով արգելափակում է մարդու սահմանադրական բողոքարկման իրավունքը՝ պատճառելով արհեստական դժվարություններ:
Կան նաև ահազանգեր այն մասին, որ դատարանը նիստ է նշանակում, բայց այդ նշանակումից մինչև դատական նիստի օրը՝ գրեթե 2 ամիս ԴատաԼեքսում որևէ գրառում չի արվում դատական նիստի օրվա ու ժամի մասին: Թղթային ծանուցումներն էլ մարդկանց համար դժվարություններ են առաջացնում:
Ուստի, նկարագրված վիճակն անթույատրելի է. պետք է անհապաղ վերականգնել ԴատաԼեքս համակարգում գրառումները և դրանով վերացնել մարդու իրավունքների խախտումների ռիսկերը և արդեն տեղի ունեցած խախտումները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը