07 09 2021

Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց  Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնելուց

Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց  Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնելուց

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց ԵԴ/0253/01/19 քրեական գործով նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնելուց և կրկին լքեց դատական նիստերի դահլիճը։

«Ես չեմ կարող սույն գործով շարունակել իրականացնել Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը։ Դուք անձնական հակակրանք ունեք իմ նկատմամբ, հստակ դա ցույց եք տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը կոպտագույն ձևով ոտնահարվում են։ Այդ պատճառով հետայսու սույն գործով չեմ կարող պաշտպանել Գևորգյանի շահերը։ Խնդրում եմ Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո դադարեցնել իմ պարտականությունները՝ որպես նրա պաշտպանի», - հայտարարեց Ալեքսանյանը և կրկին լքեց նիստերի դահլիճը։

Արմեն Գևորգյանը նշեց, որ Էրիկ Ալեքսանյանի և դատավորի միջև եղած տարաձայնություններն անդրադառնում են իր շահերի պաշտպանության վրա։ Ըստ նրա՝ նման պայմաններում ճիշտ չէ, որ Ալեքսանյանը շարունակի ներկայացնել իր շահերը։ Անհրաժեշտ է ներգրավել այլ պաշտպան, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում։

Մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մի օրինաչափություն է նկատել պաշտպանական կողմի վարքագծում․ ամեն անգամ, երբ դատարանն առաջարկում է մեղադրող կողմին հրապարակել մեղադրանքի եզրափակիչ մասը, պաշտպանները որոշում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդեց, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը պետք է հրապարակվի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ