Բարձր դատարան, երեկ դուք մերժեցիք ոստիկանությունից ապացույցներ պահանջելու իմ միջնորդությունը, մերժեցիք ստանալ ապացույցներ, որոնք ակնհայտ և անվիճելի ցույց կտային մեր բողոքի արդարացի լինելը: Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«Զուտ մարդկային առումով ես հասկանում եմ ձեզ, ես հասկանում եմ, որովհետև անկախ մեր կողմից բերվող փաստարկների, պետք է իսկապես ունենալ մեծ խիզախություն, որպեսզի արձանագրվի, որ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը: Ես հասկանում եմ, որ ներկա պայմաններում պահանջել ոստիկանությունից մի ապացույց, որի հետազոտմամբ ակնհայտ կդառնա մեր պնդումը, իսկապես դժվար է. հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Չեմ ընդունում, որվհետև այդ ապացույցը չպահանջելով հարված հասցվեց արդարադատությանը և տարիներ անց իմ հիշողության մեջ կմնա ոչ թե ընտրությունների վերաբերյալ այն որոշումը, որը դուք կայացնելու եք, այլ ձեր այդ մերժումը»:
Դավիթ Հարությունյանն իր խոսքում նաև ընդգծեց. «Ինչ վճիռ էլ կայացնեք, կյանքը շարունակվելու է, բայց ձեր վճռից է կախված՝ ինչ ճանապարհով կընթանա պետությունը։ Առաջիկա ամիսներին Հայաստանը ստորագրելու է բարդ, ցավոտ և սուր խնդիրներ պարունակող համաձայնագրեր։ Պարզ է, որ խոսքը գնում է երկրի տարածքների, փոշիացող պատմական իղձերի և զիջող պայմանագրերի մասին։ Պատասխանատուները երկուսն են՝ դուք ու ԱԺ-ն։ Այս գործով ձեր որոշումներից է կախված նման ցավոտ հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելու հնարավորությունն ու գործիքակազմը։ Եթե դուք ասելու եք, որ ընտրությունները լեգիտիմ են և ԱԺ-ն ունենալու է ԿԸՀ սահմանած համամասնությունը, դուք զրկում եք Հայաստանին ԱԺ քաղաքական հարթակում Հայաստանի շահերը բազմակողմանիորեն քննարկելու հնարավորությունից։ Բայց սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմից դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվություը Հայաստանի ապագա 100 տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար։ Պատմական բեռը ձեր վրա է լինելու։ Ամենաբարդ որոշումները կայացնելու եք դուք այս որոշումից հետո հաշված ամիսների ընթացքում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը