2018 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատեց Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Հայեցակարգը հասանելի է հետևյալ հղումով։
Նշվում է, որ հայեցակարգը պատրաստվել է հրատապ ռեժիմով՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ առաջնահերթ խնդիրների լուծումներ մշակելու և ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար որոշակիորեն բարելավված իրավական հիմքեր ապահովելու նպատակով։
Հայեցակարգը ներառում է նաև որոշ առաջարկներ այն հարցերի շուրջ, որոնք թեև պակաս հրատապ են արտահերթ ընտրությունների կազմակերպման տեսանկյունից, սակայն կարևոր են և պետք է դառնան նորընտիր Ազգային ժողովի և դրա ձևավորած կառավարության՝ ընտրական հետագա բարեփոխումների անհետաձգելի օրակարգի մասը: 3 Հանձնաժողովի լիազորություններով և ժամանակային սահմանափակումներով պայմանավորված՝ հայեցակարգում տեղ չեն գտել այնպիսի փոփոխություններ, որոնք թեև առանցքային նշանակություն ունեն Հայաստանի հետագա ժողովրդավարացման, ավելի ներառական քաղաքական հաստատությունների ձևավորման և ընտրակարգի ներկայացուցչականության բարձրացման տեսանկյունից, սակայն պայմանավորված են Սահմանադրության արմատական փոփոխություններով:
Հայեցակարգում ներառված առաջարկությունների հիմքում ընկած են եղել ՀՀ կառավարության 2018 թ․ ծրագիրը, նախորդ մի քանի ընտրությունների առնչությամբ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) կողմից տրված կարծիքները, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից կազմված զեկույցները, դիտորդական կազմակերպությունների զեկույցները, խորհրդարանական խմբակցությունների կողմից քննարկված առաջարկությունները և սույն հայեցակարգի մշակման գործընթացում հանրային քննարկումների ու հանդիպումների ընթացքում (այդ թվում՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից) ներկայացված և գրավոր ստացված առաջարկությունները։
Հարկ է նկատել, որ հայեցակարգում մատնանշված քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի փոփոխությունների զգալի մասը հանձնաժողովի առաջարկությամբ արդեն իրականացվել է նախքան հայեցակարգի ընդունումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը