ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Տիրան Խաչատրյանը պահանջում է ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը:
Դատական հայցը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին:
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով է դատարանից պահանջում է իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:
Իր նախկին պաշտոնին առնչվող ևս մեկ հայց էլ Տիրան Խաչատրյանը ներկայացրել է ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի:
Նշենք, որ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, վերջերս Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրան նշանակել է ԳՇ պետի առաջին տեղակալ:
Իսկ մինչ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելը Արշակ Կարապետյանը Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր, այդ պաշտոնում էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: 2016-ին Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը