30 03 2021

ՍԴ որոշման պատճառաբանական մասը գերազանցեց իմ սպասումները. Արթուր Ղամբարյան

ՍԴ որոշման պատճառաբանական մասը գերազանցեց իմ սպասումները. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի՝ երեկ երեկոյան հրապարակված որոշման մասին գրել է.

«ՀՀ ՍԴ-ի ՍԴՈ-1586 որոշման պատճառաբանական մասը գերազանցեց իմ սպասումները:

Նախ՝ 2018թ-ից փաստաբան Ա. Վարդևանյանի փաստարկները տևական քննարկումներից հետո ինձ համոզեցին, որ ՀՀ քր. օր-ի 300.1-րդ հոդվածի ամենամեծ դեֆեկտը բլանկետային նորմի մեջ է (Սկզբում այն համարում էի տեխնիկական փաստարկ, քանի դեռ ավելի խորությամբ չուսումնասիրեցի բլանկետային նորմերի տեսական հիմքերը):

Ավելին, ՍԴ-ն այս հոդվածը հակասահմանադրական ճանաչեց ոչ միայն բլանկետային նորմի մասով, այլև՝ «իրավական համակարգում փաստացի վերացնել» ձևակերպման անորոշության մասով:  
Շնորհավորում եմ Արամ Վարդևանյանին. այս տարիների քրտնաջան ու սրտացավ աշխատանքը իրեն արդարացրեց:

Երկրորդ՝ ՍԴ այս որոշումը գործնականում ապացուցեց, որ իրավունքի տեսությունից ավելի պրակտիկ, ոչինչ չկա:  ՍԴ որոշման մեջ «բլանկետային նորմ», «դեֆինիտիվ նորմ», «իրավունքի համակարգ», «իրավական համակարգ» հասկացությունները մեկնաբանված են իրավական դոկտրինի հիման վրա:

ՍԴ-ն և դատարանի աշխատակազմը ինձ հնարավորություն տվեց այս Որոշման օրինակով ուսանողներին առարկայական ներկայացնել «Իրավունքի տեսություն» դասընթացի գործնական արժեքը»։

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։

Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:

ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։

ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության  նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ